Forbes ամսագիրը կհրատարակվի նաև Հայաստանում
Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից և տարածում ունի ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաև Հայաստանում, որը ստացել է լիցենզիա և դարձել է Forbes 27-րդ միջազգային հրատարակությունը, այս մասին տեղեկացնում է ամսագրի հայաստանյան ներկայացուցչությունը:
Forbes-ը Հայաստանում ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում և www.forbes.am բիզնես պորտալը:
«Forbes Հայաստանը» կթողարկի նաև Forbes Life ամսագիրը և հատուկ համարներ, ինչպես նաև, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնի է՝ Forbes-ը աշխարհի միլիարդատերերի, ամենաազդեցիկների և հայտնիների վարկանշային աղյուսակները հրապարակելուց բացի գրում է ձեռներեցության, ֆինանսների և ներդրումների, տեխնոլոգիաների, առաջնորդության և այլ թեմաներով՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր փոխում են աշխարհը, անցկացնում է լրագրողական հետաքննություններ:
Ամսագիրը բիզնես միջավայրում ունի ամենամեծ լսարանը և համարվում է ամենաազդեցիկ մեդիա բրենդը՝ իր հետևում թողնելով Fortune, Bloomberg Businessweek և The Economist ամսագրերը (աղբյուրը՝ MRI, Mediamarket Resreach Incorporation, 2013):
Ըստ պաշտոնական տվյալների՝ Forbes-ի ընթերցողները 26-45 տարեկան տնտեսապես ակտիվ անհատներ են, սովորաբար՝ ընկերության տնօրեններ, կառավարիչներ և միջին օղակի ղեկավարներ ու գործարարներ: Ամսագրի լսարանի 61%-ը տղամարդիկ են, 39%-ը՝ կանայք:
«Forbes Հայաստան» ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է Գագիկ Եղիազարյանը, իսկ www.forbes.am պորտալի գլխավոր խմբագիրը՝ Շուշան Հարությունյանը:










