Սնոուդենի հետ աշխատող լրագրողը դուրս է եկել Guardian-ից
Լրագրող Գլեն Գրինվալդը, որը մի շարք հոդվածներ էր գրել Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հիման վրա, լքում է բրիտանական The Guardian թերթը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Գրինվալդը, հայտարարելով The Guardian-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, ընդգծել է, որ նրան նոր աշխատանքի առաջարկ են արել, որը «լրագրողին իր ողջ կարիերայի ընթացքում մեկ անգամ են անում»:
Նա նաև նշել է, որ The Guardian-ի հետ համագործակցությունը «արդյունավետ» է եղել և իր համար հեշտ չի եղել նման որոշում կայացնել:
The Guardian-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց տխրեցրել է Գրինվալդի որոշումը, սակայն հասկանում են նոր դերում իրեն փորձելու Գրինվալդի ձգտումը:
Այլ մանրամասներ իր նոր աշխատանքի մասին Գրինվալդը հրաժարվել է հայտնել: Մի քանի աղբյուրների տեղեկություններով, որոնք ցանկացել են անանուն մնալ, Գրինվալդը զբաղվելու է մեդիանախագծով, որը ֆինանսավորվում է eBay ինտերնետային աճուրդի հիմնադրի կողմից:










