Իրանը թույլ կտա միջազգային փորձագետներին այցելել միջուկային կայաններ
Իրանի միջուկային հարցերով բանակցորդ Աբաս Արաքչին հայտնել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջնորդ «վեցյակին» ներկայացված առաջարկը ենթադրում է միջազգային փորձագետների կարճատև այց Իրանի միջուկային կայաններ։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Agence France Presse-ին հղումով, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները հնարավորություն կունենան այցելել Իրանի միջուկային կայաններ, որպեսզի տեղեկություններ հավաքեն երկրի միջուկային գործունեության վերաբերյալ։
Այսօր պաշտոնական Թեհրանի ու «վեցյակի» միջև բանակցությունների 2-րդ օրն է։ Միջազգային հանրությունը գովել է Իրանի նոր առաջարկը՝ ընդգծելով, որ բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում։










