Երևանում գենդերային այլասերության դեմ երթ անցկացվեց (տեսանյութեր)

11:57 • 16.10.13

Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի արձանի դիմացից, այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային այլասերության երթ, որի մասնակիցները պահանջում են ՀՀ կառավարությունից չեղյալ համարել գենդերային հավասարության մասին օրենքը:

Երթին, որը նախաձեռնել են «Նախնյաց հետքերով» ՀԿ-ն, մասնակցում են օրենքին դեմ մի շարք քաղաքացիներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևորականներ:

Երթին մասնակցում է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, ով գենդերային հավասարության մասին այդ օրենսդրական փաթեթում կատարված կառավարության փոփոխություններում ոչ մի փոփոխություն չի նկատել:

«Չեմ կարող ասել՝ ձևական բնույթ էր կրում, թե ոչ, բայց այդ «գենդեր» բառը հստակ իր լիցքն ու նշանակությունն ունի, այդ օրենքից պետք է հանվի: Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությանը դեմ չեմ, դա Աստված է սահմանել, բայց միասեռականներին դեմ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Երթի մասնակիցների շարքում է նաև «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միության» նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը, ով նույնպես գտնում է, որ անթույլատրելի է նման օրենք ընդունելը, քանի որ դա սկիզբը կլինի նմանատիպ մի շարք օրենքների ընդունման:

Երթի մասնակիցները քաղաքացիներին միանալու կոչեր անելով շարժվեցին դեպի կառավարության շենքի մոտ, որտեղ նրանք նամակ կհանձնեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: