Մոսկվայում ներգաղթյալների բերման ենթարկելը խտրականություն է. Amnesty International
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է երկուշաբթի օրը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում գտնվող բանջարեղենի պահեստից ավելի քան 1.200 ներգաղթյալների բերման ենթարկելը՝ այն անվանելով խտրականության ակնհայտ դրսևորում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Առանց տարբերակելու հազարից ավելի ներգաղթյալների բերման ենթարկելը մեկ ենթադրյալ մարդասպանին որոնելու ընթացքում խիստ խտրական բնույթ է կրում և ակնհայտորեն անօրինական է: Դա ակնհայտորեն արվել է ցուցադրաբար և առանց որևէ արդարացում ունեցող պատճառների: Նման կերպ արձագանքելով՝ ոստիկանությունն ավելի է սրում քսենոֆոբիական տրամադրությունները»,- հայտարարել է Ռուսաստանում Amnesty International-ի ներկայացուցիչ Դենիս Կրիվոշեևը:
Amnesty International-ը հիշեցնում է, որ Մոսկվայում հաճախակի են դարձել ատելության հողի վրա ներգաղթյալների դեմ հանցագործությունները, իսկ ոստիկանությունն այդ դեպքերի մեծ մասի վրա ուշադրություն չի դարձնում: Շատ ներգաղթյալներ պարբերաբար ենթարկվում են «ակտիվիստների» հարձակումներին:










