Էրիխ Պրիբկեի հուղարկավորությունն Իտալիայում բախումների պատճառ է դարձել
Հռոմում 100 տարեկանում մահացած նացիստական հանցագործ Էրիխ Պրիբկեի թաղման արարողությունն Ալբանո քաղաքում բախումների պատճառ է դարձել, իսկ դագաղը ստիպված են եղել տեղափոխել ռազմական օդանավակայան, գրում է ria.ru-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Դիակիզումը նախատեսված էր իրականացնել Հռոմի գերեզմաններից մեկում չորեքշաբթի օրը: Սակայն երեքշաբթի երեկոյան ինստիտուտի դարպասների մոտ, որտեղ ոստիկանների ուղեկցությամբ բերել են դագաղը, հավաքվել է մոտ 200 ցուցարար: Նրանք երգել են իտալական պարտիզանների Bella Ciao երգը և բղավել «մարդասպան», առաջարկել Պրիբկեի դին նետել «մոտակա աղբանոցը»:
Պրիբկեին հրաժեշտ տալու էր եկել նաև նեոնացիստների խումբը, որը փորձել է ներս մտնել ինստիտուտի շենք, որտեղ գտնվել է դագաղը: Դա հանգեցրել է բախումների, ցուցարարները դյուրավառ նյութով շշեր են սկսել նետել, և ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Երկու ակտիվիստ ձերբակալվել է:










