Փակ շուկայի ցույցն այսօր միակողմանի էր. «պաշտպանների» գլխարկները ցույցից հետո մի կերպ հետ վերցրին (տեսանյութ)
Երևանի «Ծածկած շուկայի» («Փակ շուկայի») մոտ անցկացվող ամենօրյա բողոքի ցույցին այսօր շուկայի վերակառուցման դեմ բողոքող ակտիվիստները չէին մասնակցում, փոխարենը բողոքի ցույցի էին դուրս եկել շուկայի վերակառուցմանը կողմ հանդես եկող քաղաքացիները, որոնք այսօր կարմիր գլխարկներ էին կրում և զբաղեցրել էին նաև շինության դիմացի այն հատվածը, որտեղ սովորաբար ակտիվիստներն էին կանգնում:
Անմիջապես ցույցից հետո մի քանի մարդիկ սկսեցին քաղաքացիներից հավաքել կարմիր գլխարկները: Անգամ տարեց կին գլխարկը պայուսակի մեջ էր դրել, և երբ գլխարկները հավաքողներից մեկը մոտեցավ նրա և պահանջեց հետ վերադարձնել այն, երիտասարդ մի տղա, ով բոլոր ցույցերին այդ թևում կազմակերպչական գործունեությամբ է աչքի ընկել, թույլ չտվեց, որ կնոջ ձեռքից վերցնեն գլխարկը՝ ասելով. «Տար տատի ջան, էդ գլխարկը քեզ»:
Բարձրախոսներով ելույթ ունեցողները պարբերաբար ամբոխին հորդորում էին բացականչել «հե–ռա–ցեք», սակայն հասկանալի չէր, թե ումից էին պահանջում հեռանալ, երբ շուկայի վերակառուցմանը դեմ ակտիվիստները չէին եկել բողոքի։ Բացի այն, որ ամբոխը պարբերաբար վանկարկում էր «Փակ շու–կա, հե–ռա–ցեք», բարձրախոսներից նաև բավական բարձր հնչում էին հաղթանակի ճիչեր և սուլոցներ:
Tert.am–ին չհաջողվեց պարզել, թե որտեղից այդ միանման գլխարկները բողոքի դուրս եկած քաղաքացիներին, քանի որ հարցված բոլոր քաղաքացիները խուսափում էին այդ հարցին պատասխանել:










