Սթոունհենջի բնակիչների սննդակարգում գորտի տոտիկներ են եղել
Բուքինգհեմի համալսարանի հնէաբանները Սթոունհենջի մոտակայքում պեղումներ կատարելու ժամանակ պարզել են, որ Բրիտանիայում մոտ 8500 տարի առաջ մարդիկ խարույկի վրա գորտի տոտիկներ են պատրաստել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով համալսարանի կայքին:
Պեղումները կատարվել են Ուիլթշիր դքսությունում՝ Սթոունհենջից ավելի քան 1 մղոն հեռավորության վրա գտնվող Բլիք Միդ կացարանում: Այստեղ գիտնականները պեղել են ուտելիքի մնացորդներ, որոնց թվում կային նաև գորտի այրված ոսկորներ: Գտածոները թվագրվում են մ.թ.ա. 7596-6250 թվականների միջև ընկած հատվածով:
Բացի գորտի տոտիկներից այդ ժամանակների բնակիչները կերել են ձուկ, ինչպես նաև վարազի, ազնվական եղջերուի և այժմ վերացած տուրերի միս: Իսկ որպես աղանդեր օգտագործում էին մոշ: Ըստ հնէաբանների, նոր տվյալները մյուս հայտնագործությունների հետ միասին ցույց են տալիս, որ այս բնակավայրը «Սթոունհենջի օրորոցն» էր:










