Սիրիական ընդդիմության հսկողության ներքո որևէ քիմիական կայան չկա
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան վստահեցրել է, որ երկրի քիմիական զենքի կայաններից որևէ մեկը չի գտնվում ապստամբների հսկողության տակ։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ավելի վաղ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ) հայտարարել էր, որ քիմիական կայաններից մեկը գտնվում է ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքում և որ ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի փորձագետները չեն կարողանում այն այցելել։
Ընդդիմադիր ազգային կոալիցիայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրենք լիովին աջակցում են ՔԶԱԿ-ի՝ Սիրիայի քիմիական զինանոցն ամբողջությամբ վերացնելու առաքելությանը։
Երկուշաբթի ՔԶԱԿ-ի ղեկավար Ահմեթ Ուզումչուն BBC-ի հետ զրույցում ասել էր, որ կազմակերպության փորձագետները քիմիական զենքի արտադրության 20 կայաններից 5-ն արդեն այցելել են։
Ըստ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության՝ Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը պետք է ոչնչացվի մինչև 2014թ. հունիս։










