Իվանիշվիլին դեմ է ընտրությունների երկրորդ փուլին իր թեկնածուի մասնակցությանը. «Դա վիրավորական է»
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չէր ցանկանա, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի իր նախագահի թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, մասնակցի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, եթե չկարողանա հաղթել առաջինում, գրում է ria.ru-ն:
Համաձայն Վրաստանում անցկացված սոցհարցումների մեծ մասի՝ նախագահի թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ինչը կարող է նշանակել երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն:
«Ես խորհուրդ չէի տա Մարգվելաշվիլուն մասնակցել երկրորդ փուլին: Մարգվելաշվիլու համար վիրավորական կլինի, եթե նա 60 տոկոսից ցածր ձայն հավաքի, և նրա փոխարեն ես չէի շարունակի պայքարել»,- հայտարարել է Իվանիշվիլին: Նա նաև նշել է, որ «Մարգվելաշվիլին իր սեփական կարծիքն ունի և կկայացնի այն որոշումը, որն անհրաժեշտ կհամարի»:
Իվանիշվիլին նաև հերթական անգամ իր վստահությունն է հայտնել, որ թեկնածուն վստահ կհաղթի առաջին իսկ փուլում:
Վրաստանի նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին:










