Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնման համար կտրամադրվի ավելի քան 22 մլն դրամ
Նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնման համար ՀՀ կառավարությունը այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց Մշակույթի նախարարությանը հատկացնել 22 մլն 526 հազար դրամ։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ վերանորոգվել է նաև Գյումրու մշակույթի տունը, քանի որ երկրաշարժի հետևանքով այն վթարային վիճակում էր, և մասնագետները հնարավորություն չունեին մոտենալու որմնանկարին։
«Սա թվով իններորդ որմնանկարն է, որը փորձ է արվում վերականգնել, և այն վերականգնելուց հետո, մնալու է Գյումրու մշակույթի տանը»,- վստահեցրեց նախարարը:
Հասմիկ Պողոսյանի խոսքերով՝ որմնանկարների վերականգնման գործընթացում նախարարությունը ներգրավել է նաև մասնավոր հատվածին։ Նա հայտնեց, որ մնացել է վերականգնել չորս որմնանկար, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանինն է:
«Այն գտնվում է շատ վատ վիճակում՝ Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանում, մնացած երեքը Ռաֆայել Աթոյանի նկարներն են»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ դեսպանատունը գումար է հատկացրել Ռ․Աթոյանի որմնանկարներից մեկը վերականգնելու համար։










