Նոբելյան մրցանակակիրները կոլեկտիվ նամակ են գրել Պուտինին
Խաղաղության Նոբելյան մրցանակի 11 մրցանակակիրներ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից արքեպիսկոպոս Դեսմոնդ Տոտուն, կոլեկտիվ նամակ են հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Greenpeace-ի Arctic Sunrise նավի անձնակազմի ձերբակալության հարցով:
Մրցանակակիրները Պուտինին կոչ են անում անել ամեն հնարավորը, որպեսզի քննիչները 30 իրավապաշտպաններին ծովահենության մեղադրանք չներկայացնեն:
Նամակագիրները նաև մտահոգություն են հայտնել Արկտիկայում նավթ արդյունահանելու Ռուսաստանի ծրագրերի առնչությամբ, ինչի դեմ պայքարի էին ելել Greenpeace-ի ակտիվիստները:
Նոբելյան մրցանակակիրները նշում են, որ նավթի արդյունահանումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Սեպտեմբերի 19-ին Greenpeace-ի 4 ակտիվիստներ փորձել էին բարձրանալ Արկտիկայում «Գազպրոմի» պլատֆորմի վրա, ինչից հետո ռուսաստանցի սահմանապահները կալանել էին նավը, ձերբակալել ակտիվիստներին՝ արժանանալով միջազգային հանրության քննադատությանը:










