Facebook-ն ավելի հասանելի է դարձրել դեռահաս օգտատերերի հրապարակումները
Facebook ընկերությունը փոփոխել է այդ սոցկայքի մի շարք կարգավորումներ 13-17 տարեկան օգտատերերի համար, հայտնում է CNN-ը:
Դեռահասներին, մասնավորապես, թույլատրվել է մատչելի դարձնել իրենց հրապարակումները՝ փոսթերը և լուսանկարները: Այդ կերպ անծանոթ մարդկանց և գովազդատուների համար տեղեկություններ հավաքող ընկերությունների համար մատչելի կլինեն դեռահասների հրապարակային հաղորդագրությունները:
Դրանից բացի, ընկերության պաշտոնական էջում նշվում է, որ փոփոխություններ են եղել դեռահասների էջերի մասնավորության՝ պրիվատության կարգավորումներում: Այժմ երբ 13-17 տարեկան օգտատերերը նոր են գրանցվում սոցկայքում, նրանց ինֆորմացիան մատչելի է միայն ընկերների համար, այն դեպքում, երբ նախկինում դա մատչելի էր նաև ընկերների ընկերներին:
Նշվում է նաև, որ հրապարակային հաղորդագրություն թողնելիս դեռահասին կծանուցվի, թե ինչ է ենթադրելու դա:










