Տոկիոյում բացվում է 26-րդ միջազգային կինոփառատոնը

09:26 • 17.10.13

Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր բացվում է 26-րդ միջազգային կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակին այս տարի հավակնում է 15 ֆիլմ, որոնցից 6-ը կցուցադրվեն առաջին անգամ։ Բացի գլխավոր մրցանակի հիմնական թեկնածուներից, մինչև հոկտեմբերի 25-ը տևող փառատոնին կներկայացվի 140 աշխատանք, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ցուցադրությանը, որը կանցկացվի Ռոպոնգի թաղամասում, կայցելեն համաշխարհային մեծության աստղեր։ Թոմ Հենքսը կներկայացնի փառատոնը բացող «Կապիտան Ֆիլիփսը» ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։


Տոկիո կժամանի նաև Ռոբերտ Դե Նիրոն, ով կներկայացնի ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Մալավիտա» ֆիլմը։

 

Այս տարի փոխվել է կինոփառատոնի տնօրենը։ Այն գլխավորում է Յասուսի Սիինան, ով խոստացել է միջազգային միջոցառումն ավելի հասանելի դարձնել հանրության համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում նա նշել է նաև, որ այս տարի կինոփառատոնի գոյության պատմության ընթացքում առաջին անգամ կներկայացվեն առավել մեծ քանակությամբ ճապոնական ֆիլմեր։

 

Հիմնական մրցանակին հավակնում են ոչ միայն ճապոնական ֆիլմեր, այլև ֆիլմեր Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իսլանդիայից, Չինաստանից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Իրանից, Շվեդիայից, Ֆիլիպիններից և Վրաստանից։