Իրական Ատլանտիդա. բրիտանացին ստորջրյա թանգարան է ստեղծել Մեքսիկական ծովածոցում (լուսանկարներ)
Բրիտանացի քանդակագործ Ջեյսոն դե Կայրես Թեյլորի անունը հայտնի է աշխարհին որպես ստորջրյա թանգարանի հեղինակ, սակայն այժմ արվեստագետը կրկին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում իր հերթական ստորջրյա հավաքածուի շնորհիվ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, 2009թ. Մեքսիկական ծովածոցում տղամարդը ստեղծել է Museo Subacuatico de Arte թանգարանը, որում վերջերս ներկայացրել է գեղեցիկ քանդակների նոր հավաքածուն։

Բոլոր նմուշները պատրաստված են ծովային սև ցեմենտից, չժանգոտող պողպատից, որոնք վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին։

Հեղինակը նշել է, որ ժամանակի ընթացքում այդ քանդակների վրա կբնակվեն ու կբազմանան ամենատարբեր տեսակի ջրիմուռները։

Ներկայում ստորջրյա թանգարանում ցուցադրվում է 510 քանդակ։ Այստեղ տարեկան 250 հազար մարդ է այցելում։

Թեյլորը պատմել է, որ մտադրություն ունի քանդակների թիվը հասցնել 8 հազարի։



















