Գրողների միության նախագահի ընտրությունը ախոյանների մրցավեճ չէ. Դավիթ Սարգսյան
Գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով իր առաջադրվելու անհրաժեշտության մասին՝ նկատեց, որ ինքն այս ընտրությունը չի դիտում որպես ախոյանների մրցավեճ։
«Մտածեցի, այնուամենայնիվ, իմ կենսափորձը, գիտելիքները, իմ գաղափարները, կազմակերպչական մոտեցումները ծառայեցնել գրողների միությանը, գրական ընտանիքին»,- ասաց նա։
Դավիթ Սարգսյանն ամեն դեպքում չի հերքում, որ մյուս երկու թեկնածուները «մրցակիցներ են», չնայած նրան, որ իր ընկերներն են։
«Իմ լավ ընկերներն են, բարեկամները, բավական վաստակ ունեն գրականության մեջ, աշխատանքային գործունեությամբ, ես իրենց դեմ բան չունեմ։ Ես այս ընտրությունները չեմ դիտում որպես ախոյանների մրցավեճ, բայց դիտում եմ որպես մարդկանց միջև ընտրություն կատարելու հնարավորություն գրողների կողմից»,– ասաց նա։
«Թե ում կընտրեն, դա գրական ընտանիքը կորոշի, և չեմ էլ պատրաստվում լոբբինգ կատարել։ Գրողի համար իր անունը, վաստակը, ճանաչումը բավական է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակին չիջնի»,- ասաց նա։
Տեսակետը, թե Գրողների միության նախագահը պարտադիր չէ, որ լավ գրող լինի, այլ՝ լավ մենեջեր, Դավիթ Սարգսյանը միանշանակ չի կիսում։ «Չի՛ կարող լինել քանոնի ճշգրտությամբ, որ միայն լինի ստեղծագործող, լավ գրող, որը չունի կազմակերպչական ջիղ։ Շատ ցանկալի է երկուսն էլ համատեղվեն և՛ լավ գրող լինի, ճանաչված լինի հասարակության մեջ և՛ լավ կազմակերպող աշխատանքները։ Բայց, ցավոք, միշտ չէ որ երկու երնեկ մի տեղ լինում է։ Այս պարագայում կարծում եմ, որ նախագահը պետք է կազմակերպչական ունակություններ ունենա»,- նշեց նա։
Գրողների միության նախագահի թեկնածուի համոզմամբ՝ հենց գրողների միությունը պետք է լինի բոլոր ստեղծագործական միությունների շարքում առաջադեմներից մեկը, քանի որ, ըստ նրա, գրողի խոսքը միանգամայն այլ է, ժողովուրդը դրա կարիքն ունի։
«Իմ առաջադրվելու պատճառն էլ հենց այն է, որ գրողի վարկանիշը բարձրանա։ Բայց տեսնում ես գրողներ, ինքդ էլ չես ճանաչում։ 40 տարուց ավելի գրական միջավայրում եմ, անուններ եմ տեսնում, տիտրերի տակը գրած գրող, վերցնում եմ հետաքրքրվում, իմանամ ով է այս մարդը, Գրողների միության անդամ, կարդում եմ, չգիտեմ ինչ է։ Ամոթ է էլի այլ նպատակներով գրիչը ձեռքդ վերցնես»,- նկատեց արձակագիրը։
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ Գրողների միության խնդիրը գրողների փոխարեն ստեղծագործելը չէ։ Այդուհանդերձ, գրողի ստեղծագործությունը ճիշտ արժևորելու, գրողին գնահատելու, գրողին թարգմանելու, քարոզելու, ընթերցողին սեղանին հրամցնելու խնդիր այսօր կա։
«Ամենակարևորը,որ գրողը հեռացել է ժողովրդից, պետք է այնպես անել, որ գրողն ու ժողովուրդը մեկ կյանքով ապրեն և գրական ստեղծագործության մեջ արտացոլվի կյանքը։ Գրողների հրապարակախոսական բոլոր միջոցները ներդնի, որպեսզի հասարակության բոլոր երևույթներին անդրադառնա»,– նշեց նա։
«Այսօր շատ խնդիր կան, արտագաղթում են, սա հրապարակախոսների խնդիր է չէ, միայն լրագրողները չեն, որ պետք է անդրադառնան, պետք է Գրողների միությունը հրավիրի իր անդամներին, ընտանիքն է քայքայվում, բարոյականության արժեքներ ենք կորցնում, իսկ դրանց պետք է առաջին հերթին ձայն բարձրացնողն ու ըմբոստացողը գրողը լինի, ժողովուրդը սպասում է դրան, իսկ մենք ի՞նչ ենք անում, ոչ մի բան»,- ավելացրեց Գրողների միության նախագահի թեկնածուն։
Թե ինչ ծրագրով է պատրաստվում մասնակցել ընտրություններին, Դավիթ Սարգսյանը խորհուրդ է տալիս իր ֆեյսբուքյան էջում, կարդալ, որը ինքը վերնագրել է «Համագումար առանց հանրագումարի»։
«Այսինք, եթե ուզում են հայեցակարգ ներկայացվի, պետք է նախ ինֆորմացված լինեն։ Ինչ ծրագիր պետք է առաջադրեն, դա կարող է լինել ընդամենը ցանկությունների և երազանքների փաթեթ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Գրողների միության նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը և Հովիկ Հովեյանը։ Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 20-ին։










