Անկախ Հայաստանում որևէ ցմահ դատապարտվածի պատժաչափ չի վերանայվել. ցուցահանդես Մաշտոցի պուրակում (լուսանկարներ)

17:50 • 18.10.13

Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Մաշտոցի պուրակում ցուցահանդես–վաճառք էր կազմակերպել, որին ներկայացված էին ցմահ դատապարտյալ Արմեն Մնջոյանի նկարները, ինչպես նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ ստեղծագործությունը՝ «Զուգահեռ աշխարհում»:

«Ինչքա՞ն է տևում ցմահ ազատազրկումը» խորագրով ցուցահանդեսի նկարներն ամրացված էին ծառից ծառ կապված պարանի վրա։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Զարուհի Մեջլումյանը նշեց, որ եթե մշակութային միջոցառումներ չեն իրականացվում բանտում, ապա իրենք որոշել են բանտում արված ստեղծագործությունները հանել դուրս ու ցուցադրել՝ դրանով հասարակության ուշադրությունը հրավիրելով ցմահ դատապարտման երևույթի վրա։

«Ուսումնասիրելով օրենսդրական դաշտը, մենք հասկացանք, որ այստեղ շատ անելիքներ կան, քրեական և քրեակատարողական օրենսգրքերում կան փոփոխություններ ու առաջարկությունների կարիք, ինչը մենք անում ենք: Այսօր 104 հոգանոց ցմահ դատապարտյալների կազմ ունենք, որոնց մեջ կան մարդիկ, որոնք դատապարտվել են 18-ից 21 տարեկանում: Ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը՝ հասկացել ենք, որ անհամաչափություն կա: Նրանք 18-21 տարեկաններին չեն դատապարտում պատժի առավելագույն չափով»,- ասաց նա:

Զարուհի Մեջլումյանը ընդգծեց, որ ՀՀ անկախության ընթացքում երբևէ որևէ ցմահ դատապարտյալի պատժաչափը չի վերանայվել, Անկախության համաներման ակտը չի գործել իրենց պարագայում:

«Գտնում ենք, որ կարելի է անդրադարձ կատարել 18-ից 21 տարեկանում դատապարտվածներին՝ մեկ անձով սպանությամբ, առաջին անգամ դատապարտված մարդկանց ճակատագրերին, գուցե, ցմահը փոխարինել 20 տարի ազատազրկման պատժաչափով»,- ասաց նա:

Դերասան Վարդան Պետրոսյանը, ով ևս այս նախաձեռնության անդամ է, ասաց, որ չնայած այս հարցով դեռ էական փոփոխություններ չկան, բայց սառույցը ուզում է հալչել:

«Դատական համակարգում ևս գիտեն, որ այդ խնդիրները կան: Օրենքներ կան, որոնք իրենց ժամանակը ապրելուց հետո պետք է վերանայվեն, բայց այդ օրենքները հեշտությամբ չեն վերանայվում, դրա համար էլ պատրաստում են հասարակական կարծիք: Հեշտությամբ գործը առաջ չի գնում, բայց կամաց-կամաց քայլ առ քայլ առաջ ենք գնում: Բոլորիս խնդիրն է մարդկանց ուշադրությունը դարձնել այս խնդիրների վրա, որպեսզի կարողանանք օրենսդրական փոփոխություններ մտցնել»,- ասաց Վարդան Պետրոսյանը: