Շերոն Սթոունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների մրցանակին
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները Վարշավայի գագաթնաժողովի նախօրեին Խաղաղության մրցանակի են արժանացրել ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ունեցած արժանիքների համար, հայտնում է РИА Новости-ն։
Դերասանուհուն մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 23-ին, Վարշավայում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների գագաթնաժողովի ընթացքում։
«Մրցանակը շնորհվում է գործունեության համար, որը նոր հույս է նվիրել միլիոնավոր մարդկանց, որոնք պայքարել ու պայքարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ»,- ասվում է գագաթնաժողովի կազմկոմիտեի հաղորդագրությունում։
Սթոունի արժանիքների երկար ցուցակում նշվում է մասնակցությունը բարեգործական երեկոներին, որտեղ գումար է հավաքվել ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման համար, համագործակցությունն amfAR կազմակերպության հետ, որն ուսումնասիրում է մահացու վիրուսը, հասարակական գործունեությունը։
Մրցանակը հիմնվել է 1999-ին, Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ։ Այն շնորհվում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների ամենամյա հանդիպման ժամանակ։ Հանդիսավոր արարողությունն այս տարի կանցկացվի Վարշավայի Մեծ թատրոնում։










