Որոշ լրատվամիջոցներ բացասական ազդեցություն են թողնում մարդու վրա. հոգևորականն ու հոգեբանը՝ ճնշող ինֆորմացիայի մասին

14:51 • 21.10.13

Մարդկանց վրա բացասական և ճնշող ինֆորմացիայի ազդեցության վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսին հոգեբան Սամվել Խուդոյանը կարծիք հայտնեց, թե լրագրողներն այդ կարգի ինֆորմացիայի նկատմամբ սեր ունեն, քանի որ իրենց շատ ընթերցող է ապահովում, դրա համար էլ ավելի ու ավելի շատ է նման ինֆորմացիա հայտնվում: «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի օրինակով մեկ այլ մարդ ինֆորմացիայի պատճառով դիմի ինքնասպանության, դա շատ լուրջ քայլ է: Այդ վատ ինֆորմացիան ուղղակիորեն չի ազդում, բայց բացասական ազդեցություն, բնականաբար, ունենում է»,-ասաց նա:

 

Սարսափ ֆիլմերը նույնպես լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, երեխաները գիշերը չեն կարողանում քնել, և ինչպես հոգեբանը նկատեց, ագրեսիան աշխարհում շատացել է. «Ովքեր ներքին ագրեսիայի և դեպրեսիայի մեջ են, նրանց է ձգում նման ինֆորմացիան, կամ եթե հասարակության մեջ դեպրեսիոն վիճակ է սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով»:

 

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանի խոսքով՝ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ բացասական ազդեցություն են թողնում մարդու ներաշխարհի վրա: Մարդը դժբախտ պատահարից միանշանակորեն բացասական տպավորություն է ստանում: «Եթե հոգևորն ուժ ունի, իսկ դա կապված է Աստծո հանդեպ հավատից, ապա իրենց վրա քիչ կազդի, սակայն կան ցնցող երևույթներ, երբ աղանդավորներ են դառնում: Կան այսօր երիտասարդներ, որոնք ընկել են աղանդավորների ձեռքը և զոմբիացված վիճակում են, խեղաթյուրված ընտրանք են»,-ասաց նա:

 

Տիրայր ավագ քահանա Սահրադյանը նաև կարծիք հայտնեց, թե աղանդավորական կազմակերպությունները ապազգային խմբավորումներ են՝ ներմուծված Հայաստանը քայքայելու, ազգային բոլոր սրբությունները, բանակը, խեղաթյուրելու նպատակներով: «Սա է ամբողջ նպատակը, այլապես Եհովայի վկաներն ինչո՞ւ են ասում՝ բանակ մի գնա»,-ասաց նա: Խոսելով պետության պարտականությունների մասին՝ հոգևորականը համոզմունք հայտնեց, որ այն իր անելիքները պետք է անի, ոչ թե տեսնի, թե Եվրամիությունն ինչ կանի. «Եթե վտանգում է ազգային շահերը, պետք է պետությունն ասի՝ ցտեսություն, պետք է կտրուկ որոշումներ կայացնի, և ոչ ոք ոչինչ չի կարող ասել»:
 

Որոշ լրատվամիջոցներ բացասական ազդեցություն են թողնում մարդու վրա. հոգևորականն ու հոգեբանը՝ ճնշող ինֆորմացիայի մասին