Queen-ի երաժիշտներն ընտրել են Ֆրեդի Մերկուրիի դերակատարին

14:57 • 21.10.13

Հանրահայտ Queen խմբի երաժիշտները հայտարարել են, որ բրիտանացի դերասան Բեն Ուիշոուին օպտիմալ թեկնածու են համարում Ֆրեդի Մերկուրիի դերի համար։ Ֆիլմը, որում կարող է նկարահանվել Ուիշոուն, պատմելու է լեգենդար երգչի կյանքի վերջին տարիների մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Digital Spy-ին:

 

Ի սկզբանե Մերկուրիի դերի թեկնածուն Սաշա Բարոն Քոենն էր: Սակայն 2013 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ դերասանը դուրս է մնացել նախագծից: Հաղորդվում էր, որ նրա մոտ ստեղծագործական տարաձայնություններ են առաջացել Queen-ի մասնակիցների հետ, որոնք ֆիլմի պրոդյուսերներն են:

 

Սեպտեմբերին Queen-ի մասնակիցները հայտարարություն էին արել՝ կապված Քոենի հեռանալու հետ: Երաժիշտների խոսքերով՝ նրանք չէին ցանկանում, որ Մերկուրիի մասին ֆիլմը դառնա կատակ, ֆիլմը պետք է դիպչի հանդիսատեսին, իսկ Քոենը հայտնի է կատակերգություններում իր դերերով: