Թատրոնում փորձերը հանված են, ներկայացումները՝ հետաձգված, բայց թատրոնի խնդիրը խաղալն է. Ա. Գրիգորյան (տեսանյութ)

16:24 • 23.10.13

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը և թատրոնի դերասանների հիմնական մասը, որ Tert.am-ի այցելության ժամանակ նրա աշխատասենյակում էին, վրդովված են և սադրանք են համարում նույն թատրոնի դերասանուհի Իրինա Հովհաննիսյանի հայտարությունը, թե գեղարվեստական ղեկավարը ստիպել է դերասաններին գալ և մասնակցել փորձին՝ անտեսելով իրենց հոգեկան վիճակը:
 

Ալեքսանդր Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ թատրոնի ադմինիստրացիայի կողմից հետաձգված են հոկտեմբերի 24-25-26-ի բոլոր ներկայացումները, իսկ ամսի 26-ին՝ կոլեկտիվի ընդհանուր ժողովի որոշմամբ՝ խաղալու են ի հիշատակ Երվանդ Ենգիբարյանի՝ նրա իսկ բեմադրությունը՝ «Հանդիսավոր ընթրիքը»:


Իսկ ամսի 27-ի ներկայացումը, որում խաղում էր Երվանդը, հասկանալի պատճառներով հետաձգվում է: «Ինչ վերաբերում է նոյեմբերի մեկի, երկուսի ներկայացումներին, ուզում եմ ընդգծել, որ սա պետական թատրոն է և ենթարկվում է պետական օրենքներին: Նոյեմբերի մեկին մեզ մոտ պրեմիերա է լինելու: Շատ դեպքեր են եղել, երբ դերասանների հետ դժբախտություններ են տեղի ունեցել՝ մեկի հարազատն է մահացել, նույն՝ Ֆրեդ Դավթյանի մայրն էր մահացել և նա խաղաց ներկայացման մեջ: Ղազարյան Արմենի հետ ևս մեծ դժբախտություն էր եղել, և նա հաջորդ օրը խաղում էր ներկայացման մեջ»,-Tert.am-ին ասաց Ալեքսանդր Գրիգորյանը ով ավելացրեց. «Եվ Իրինա Հարությունյան դերասանուհու գործը չէ հրապարակավ ներկայանալ կամ որպես հիմար, ով ոչինչ չի հասկանում, կամ որպես ամենաիսկական սադրիչ»:


Ավելին թատրոնի գեղարվեստական ղեկավարն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե Երվանդ Ենգիբարյանի անախորժությունների հիմնական պատճառը հենց Իրինա Հարությունյանն է եղել:


Ի պատասխան հիշեցման, որ դերասանը մահացել է ավտովթարից և «անախորժություններ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարեց, որ դա ի՛ր գործն է և նաև պատասխանատու է իր խոսքերի համար:

 

Հիշեցնենք, որ այսօր Shamshyan.com-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանի գլխավորությամբ, հայտնել են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած Հայաստանի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել և հաշվի չառնելով նրա մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել:

 

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը գավառամտություն է համարում նման մոտեցումը և հիշեցնում, որ աշխարհի բոլոր բեմերում մահանում են դերասաններ:

 

«Եվ ի հիշատակ՝ նրա բեմակիցները, հակառակը, հավաքվում են և փորձում են խաղալ ավելի լավ, որպեսզի հանդիսատեսը չզգա այդ ահռելի կորուստը: Սա՛ է թատրոնի խնդիրը, սա՛ է թատրոնի բարոյական նշանակությունը»: 

 

Նշենք, որ գեղարվեստական ղեկավարի աշխատասենյակ հասնելուց առաջ նկատեցինք, որ թատրոնում բոլոր դերասանները հիմնականում սևազգեստ էին, և շատերը դեռ շարունակում էին արտասվել:


Դերասանի լուսանկարը մոմերով և ծաղիկներով տեղադրված էր ինչպես ներսում, այնպես էլ դրսում՝ ճակատային մուտքի մոտ, որտեղ դերասանի մեծադիր նկարի առաջ կանգնում էին նաև պատահական անցորդներ: