Մեկնարկում է միջազգային գրական փառատոնը

23:10 • 23.10.13

Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 16:30-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա «Գրական տապան 2013» փառատոնի բացման արարողությունը:

 

Գրական ամենամյա փառատոնն այս տարի կհյուրընկալի մոտ 50 մասնակցի ամբողջ աշխարհից: Փառատոնի օտարերկրացի 16 հատուկ հյուրերից են՝ անվանի գրողներ «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին և «Տապանի ստվերում» վեպի հեղինակ Աննե Պրովոոստը:

 

«Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների, գրականագետների, ընթերցողների, մշակույթին, գրականությանը նվիրյալ կամ պարզապես՝ սիրող մարդկանց ֆորում է։

 

Փառատոնի շրջանակում հյուրերն ու հայաստանցի գրողները կհանդիպեն ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց գրքերը, գաղափարներն ու ծրագրերը, քննարկումներ կանցկացնեն կլոր սեղանի շուրջ: Բուհերում և գրադարաններում կկազմակերպվեն վարպետության դասեր:

 

Փառատոնի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային վայրերին՝ կայցելեն Էջմիածին, Զվարթնոց, Օշական, Նորավանք, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան, Փարաջանովի, Մինաս Ավետիսյանի, Պարույր Սևակի տուն-թանգարաններ:

 

Հյուրերը ճանաչողական այցով կլինեն նաև 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, որտեղ կմասնակցեն մասնագիտական քննարկումների:

 

Փառատոնի արդյունքում, ավանդույթի համաձայն, կհրատարակվի օտարերկրյա գրողների՝ Հայաստանին նվիրված ստեղծագործությունների բազմալեզու ժողովածու, որը կլինի բնագրով և հայերեն թարգմանությամբ:
«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: