Microsoft-ը փորձարկում է Google Glass-ի սեփական տարբերակը
Ամերիկյան Microsoft ընկերությունն իր լաբորատորիաներում փորձարկում է համացանցին միացած ակնոցները, որոնք հիշեցնում են Google Glass-ը, գրում է vesti.ru-ն:
The Wall Street Journal-ի տեղեկացված աղբյուրների խոսքերով՝ ասիական արտադրողներին արդեն պատվիրվել են այդ սարքավորումների տարբեր դետալներ: Սակայն «ակնոց-համակարգիչների» համար հատուկ փոքր ֆոտոխցիկների և այլ կարևոր մասնիկների պատվերը դեռ չի նշանակում, որ սարքը մոտ ժամանակներում վաճառքի է հանվելու:
Միևնույն ժամանակ, այս փորձարկումներն ապացուցում են, որ Microsoft-ը ձգտում է բաց չթողնել իր հնարավորությունը, ինչպես դա տեղի է ունեցել սմարթֆոնների ժամանակ, և ճիշտ ժամանակին դուրս գալ այդ սարքի նոր ծնվող շուկա:
ABI Research-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ մինչև 2018 թվականն այդ սարքերի վաճառքը կհասնի տարեկան 485 միլիոն հատի:
Որոշ մասնագետներ կարծում են, որ Microsoft-ը պատրաստվում է ներկայացնել «Kinect ակնոց»-ը, սակայն հավաստի տեղեկություններ այդ մասին դեռ չկան:










