Ստանիսլավսկու թատրոնում այսօր և վաղը փորձերը հետաձգվել են. թատրոնի ղեկավար

14:47 • 23.10.13

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այսօր և վաղը վաղը ներկայացման փորձեր տեղի չեն ունենալու: Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը՝ հերքելով այն լուրերը, թե ինքը ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ և մասնակցել փորձին՝ անտեսելով այն հանգամանքը, որ երեկ ավտովթարից մահացել է թատրոնի մեկ այլ դերասան Երվանդ Ենգիբարյանը:


«Вранье, դերասանուհի Իրինա Հարությունյանը սադրում է»,-ասաց նա:

 

Նշենք, որ այսօր Shamshyan.com-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանները՝ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Իրինա Հարությունյանի գլխավորությամբ հայտնել են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած Հայաստանի լավագույն դերասաններից մեկի՝ Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել և հաշվի չառնելով նրա մահը սգացող թատրոնի դերասանների հոգեվիճակը, իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել:


Միաժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին ի հիշատակ մահացած դերասանի` երեկոյան թատրոնի դերասանները կխաղան հենց Երվանդ Ենգիբարյանի բեմադրած ներկայացումը:


Ինչ վերաբերում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի բեմադրած նոր ներկայացման պրեմիերային, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 1-ին և 2-ին, ապա Ալեքսանդր Գրգորյանը տեղափոխել չի կարող: «Սա թատրոն է՝ պետական հաստատություն: Չեմ կարող պրեմիերաները հետաձգել: Եթե ինքը` Իրա Հարությունյանը չի խաղալու, թող չխաղա: Էս ինչ խայտառակություն է»,-ասաց նա:

 

լուսանկարը՝ avproduction.am կայքի