Դուք պետք է տեսնեիք հանդիսատեսի արցունքները. Թովմաս Պողոսյանը՝ Կրեմլում Սայաթ-Նովայի հոբելյանական համերգի մասին
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանն այսօր լրագրողների հետ կիսվեց Կրեմլում սեպտեմբերի 20-ին Սայաթ-Նովայի հոբելյանական համերգի տպավորություններով՝ ասելով. «Ծրագրում բացի Սայաթ-Նովայի երգերից ընդգրկված էին մեր այլ աշուղների երգեր: Հոգուս խորքում գնացել եմ այն փափագով, որ սա դառնա շրջադարձային մի երևույթ հայ երգարվեստի մեջ: Դուք պետք է դահլիճում լինեիք և տեսնեիք հանդիսատեսի արցունքները»:
Խոսելով ազգային մշակույթի մասին՝ նա մատնանշեց մի քանի խնդիրներ. «Մեր ժողովուրդն այսօր ընտրություն չունի, նրան ներկայացվում է մի բան, դաստիարակվում է այդ մի բանով, երեխային ինչով որ կերակրում ես, նա դրան է սպասում անընդհատ: Այո, մենք մեր ժողովրդի ճաշակն իջեցրել ենք ցածրագույն մակարդակի»:
Թովմաս Պողոսյանի խոսքով՝ հեռուստատեսությամբ մի կողմ են թողել ամեն ինչ՝ Մաշտոցից սկսած մինչև Կոմիտաս. «Այս հարցում ես տեսնում եմ պետական կառույցների անգործությունը, դրսից ինչ-որ ձեռք մեր տանն ազատ գործում է, և այդ ձեռքը կտրող չկա: Սայաթ-Նովայով հպարտանում են ամբողջ աշխարհում, Վրաստանը, Թուրքիան ամեն ինչ անում են, որ ներկայացնեն իրենցը: Եթե մենք պետություն ենք, ունենք համապատասխան մարմին, որն է հեռուստատեսության խորհուրդը, ուրեմն ինչո՞ւ ենք այս վիճակում»:
Մատնացույց անելով ՀՌԱՀ-ն՝ նա առաջարկեց քննարկել ազգային դեմքը կորցնելու խնդիրը: «Մեր Ազգային ժողովը ազգային մշակութային ծրագիր քննարկե՞լ է, օրենք մշակե՞լ է երբևէ: Ես չգիտեմ նման դեպք, ամեն ինչ քննարկում են՝ գենդեր-մենդեր, իսկ մեր ազգային խնդիրները մենք չենք քննարկում: Այո, այսօր հիմնականում դրանք պատվիրվում են դրսից»,-նկատեց Թովմաս Պողոսյանը:
Նա անդրադարձավ նաև սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի համերգին. «Մենք ունենք պետական սքանչելի կոլեկտիվներ, բա այդ բոլոր կոլեկտիվներն ինչո՞ւ ենք պահում, եթե մեր պետական պատկառելի տոնին ոչ մեկը չպետք է ներկայանան: Եկեք այդ կոլեկտիվները ցրենք և բյուջեին վնաս չտանք: Անցած տարվա համեմատ այս տարի ինձ համար հաճելի էր Նունե Եսայանի համերգը, թեև պետական այդ տոնին մի հոգու ելույթը ճիշտ չեմ համարում, բայց անցած տարի ես ինձ նվաստացած էի զգում»:










