Կատարի էմիրի քույրը գլխավորել է արվեստի ոլորտում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը. Լարի Գագոսյանը 4-րդն է
Կատարի էմիրի քույր Ալ-Մայասա բինթ Համադ բեն Խալիֆա ալ-Թանին, որը ղեկավարում է արաբական միապետության Թանգարանների վարչությունը, գլխավորել է արվեստի ոլորտում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը հրապարակել է «Art Review» ամսագիրը, նշում է ИТАР-ТАСС-ը։
Ըստ ամսագրի՝ նրա ղեկավարած Թանգարանների վարչությունը նախորդ ֆինանսական տարում ծախսել է 1 մլրդ դոլար՝ պատկերասրահի համար արվեստի գործեր գնելու նպատակով։ Դա 30 անգամ մեծ է այն գումարից, որը միևնույն ժամանակաշրջանում ծախսել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, և 175 անգամ ավելի այն գումարից, որը նոր նմուշների համար ներդրել է Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահը։
Ցուցակի 2-րդ տեղում է Լոնդոնում և Նյու Յորքում պատկերասրահների սեփականատեր Դավիդ Ցվիրները, 3-րդ տեղում՝ ամերիկացի Իվան Վիրթը։ Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է հայտնի ամերիկահայ Լարի Գագոսյանը, 5-րդ տեղում են Լոնդոնի «Սերպենթայն» պատկերասրահի տնօրեններ Հանս Ուլրիխ Օբրիստը և Ջուլյա Փեյթոն Ջոնսը։










