Դրեզդենում կրկին հնչել են Ստրադիվարիուսի վերականգնված ջութակի ելևէջները
Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած թանկարժեք գործիքը լռել է գրեթե մեկ հարյուրամյակ. այն պատահականորեն կոտրվել էր Սաքսոնիայի պետական կապելլայի ջութակահարներից մեկի կողմից։ Գործիքը վերականգնել հաջողվել է միայն այժմ, գրում է Deutsche Welle-ն։
Ջութակի ելևէջները կրկին հնչել են Դրեզդենում՝ Սաքսոնիայի պետական կապելլայում։ Իսկ անգնահատելի երաժշտական գործիքը նվագել է հայտնի գերմանացի ջութակահար Կայ Ֆոգլերը:
1734թ. պատրաստված ջութակը Սաքսոնիայի թագավորական երաժշտական կապելլան ձեռք է բերել 1833-ին, Փարիզում՝ վճարելով 875 թալեր։ Գրեթե 7 տասնամյակ այս գործիքը նվագել են խմբի բոլոր ջութակահարները, սակայն 1910-ին այն կոտրել է երաժիշտներից մեկը։ Ջութակն այնքան անհուսալի վիճակում է գտնվել, որ այն վերականգնելու որոշումը կայացվել է միայն 2008-ին։
Վերականգնման աշխատանքները տևել են 5 տարի։ Գործիքը վերանորոգել են բեռլինցի վարպետներ Իվ Գատոն և Դանիել Կոգեն։










