Բարեգործական համերգ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար գլյուկոմետրի թեստ-երիզներ ձեռք բերելու նպատակով
Նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին «Երազ» բարեգործական հիմնադրամը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպում է բարեգործական համերգ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար գլյուկոմետրի թեստ-երիզներ ձեռք բերելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք «Երազ» բարեգործական հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում կա մոտ 450 շաքարային դիաբետով հիվանդ երեխա, սակայն նրանց թիվն օր օրի աճում է: Նրանց մոտ տիպ 1 շաքարային դիաբետն է, երբ օրգանիզմն ընդհանրապես ինսուլին չի արտադրում, և նրանց կյանքն անհնար է առանց ինսուլին ներարկելու: Դիաբետիկ երեխաների համար պարտադիր է նաև տնային պայմաններում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պարբերաբար չափումները գլյուկոմետր կոչվող սարքի միջոցով, ինչն էլ ուղղորդում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել հիվանդության անդառնալի բարդությունների դեմ պայքարում:
«Երազ» բարեգործական հիմնադրամը արդեն 3 տարի է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում գրանցված շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին տրամադրում է գլյուկոմետրեր, ստրիպեր, անհրաժեշտ դեղորայք, վճարում նրանց անհրաժեշտ բժշկական հետազոտությունների համար, կազմակերպում «Դիաբետի դպրոց» ուսուցողական դասընթացներ, կազմակերպում տարբեր միջոցառումներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին ՀՀ Մշակույթի նախարարության և «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ «Երազ» բարեգործական հիմնադրամը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կազմակերպում է բարեգործական համերգ՝ շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար գլյուկոմետրի թեստ-երիզներ ձեռք բերելու նպատակով: Համերգի մասնակիցներն են EmpyRay, Jazzel և Imagine Band, The Beautified Project խմբերը»։










