Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» եռահատոր գրքի անգլերեն տարբերակը
Ազգային արխիվի ջանքերով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել «Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» եռահատոր գրքի անգլերեն լեզվով տարբերակը: Գիրքն այսօր լրագրողներին ներկայացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ գրքում հիմնականում Հայոց ցեղասպանության ականատեսների վկայություններն են, որոնք գրի են առնվել դեպքերից անմիջապես հետո:
«Գրքում տեղ են գտել Արևմտյան Հայաստանի նահանգները պատկերող 9 քարտեզներ: Իսկ լուսանկարները հիմնականում ցույց են տալիս, թե ինչպիսինն է եղել Արևմտյան Հայաստանը նախկինում՝ եկեղեցիներ, շինություններ, մարդիկ: Մենք զերծ ենք մնացել սրտաճմլիկ տեսարաններով նկարներ տեղադրելուց»,-ասաց նա:
Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ գիրքը լույս է տեսել 1000 օրինակով և պահանջարկի դեպքում տպաքանակը կավելացվի: Թե ինչ արժեք կունենա գրքի անգլերեն տարբերակը, նա չկարողացավ ասել, քանի որ հնարավոր է՝ այն նաև առանց վաճառքի տարածվի Հայաստանից դուրս:
«Գիրքը թարգմանվելու է նաև թուրքերեն ու տարածելու ենք հենց Թուրքիայում: Տարբեր լեզուներով գրքի թարգմանությունը շարունակվելու է: Իսկ մինչև ցեղասպանության 100-ամյակին տպագրելու ենք հայ ժողովրդի տնտեսական կորուստների մասին, քանի որ վերջին ժամանակներում վանքերի վերադարձման, կալվածքների վերադարձման խնդիր կա, ու այս պարագայում թեման ավելի ակտուալ է դառնում»,-ասաց նա:










