Լառա Ֆաբիանը ելույթ չի ունենա Տաշքենդում՝ իրեն «ուզբեկական ռեժիմի ցուցափեղկ» ասելու համար
Իտալա-բելգիական ծագում ունեցող երգչուհի Լառա Ֆաբիանը հրաժարվել է հոկտեմբերի 26-ին ելույթ ունենալ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, երբ իրավապաշտպանները նրան «ուզբեկական ռեժիմի ցուցափեղկ» են անվանել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Twitter-ում երգչուհու գրառումը։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ֆրանսիական Acat իրավապաշտպան կազմակերպությունը դեմ է հանդես եկել Ուզբեկստանի հետ երգչուհու ունեցած կապերին, քանի որ այդ երկիրը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար։ Կազմակերպությունը նշում է, որ փառատոնը, որին պետք է մասնակցեր Ֆաբիանը, ստեղծվել է 2006-ին Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Կարիմովայի կողմից՝ ուզբեկական ռեժիմի դրական կերպարի ստեղծման համար։
«Acat կազմակերպությունից ես իմացա, որ Տաշքենդի մշակութային փառատոնը, որտեղ ես պետք է ելույթ ունենայի հոկտեմբերի 26-ին, կազմակերպվում է գործող նախագահի դստեր կողմից։ Ես անմիջապես գրեցի Արևելքի երկրներում իմ թիմին՝ ասելով, որ նման պայմաններում ես չեմ կարող աշխատել և չեղյալ եմ համարում ելույթս»,- գրել է երգչուհին Facebook սոցկայքի իր էջում։
Ֆաբիանը հայտնել է, որ ցնցված է արվեստի և քաղաքականության կապով, ինչպես նաև ԶԼՄ-ների մեկնաբանություններով, որոնք իրեն անվանում են «ուզբեկական ռեժիմի նոր ցուցափեղկ»։
«Իմ կարիերան և պարտավորություններն արտացոլում են իմ հայացքները, և ես ապշած եմ, որ իմ մասին կարող են մտածել, թե արդարացնում եմ ռեժիմի գործողությունները, որը չի հետևում մարդու իրավունքներին»,- գրել է երգչուհին։










