Apple-ի նախկին տնօրենը Blackberry-ի պոտենցիալ գնորդների թվում է

09:36 • 24.10.13

Ամերիկյան Apple ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջոն Սկալին մտածում է սմարթֆոններ արտադրող Blackberry-ի գնման հնարավորության շուրջ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Globe and Mail թերթին, որը վկայակոչում է անանուն աղբյուրների:

 

Ինքը՝ Սկալին, թերթին տված հարցազրույցում խուսափել է ուղիղ պատասխան տալ Blackberry-ի հետ կապված իր պլանների մասին, սակայն նշել է, որ երկար ժամանակ օգտվում է այդ ընկերության սմարթֆոններից և դրանց սիրահար է:

 

«Blackberry-ն մեծ պոտենցիալ ունի: Սակայն առանց փորձառու մարդկանց, որոնք նման բիզնեսով են զբաղվում, և առանց ռազմավարական պլանի, իրականում դա բարդ խնդիր կլինի»,- ասել է նա:

 

Apple-ում Սկալիի աշխատելու ժամանակ է տեղի ունեցել տնօրենների խորհրդի և Սթիվ Ջոբսի միջև կոնֆլիկտը, որի պատճառով վերջինս ստիպված է եղել մի քանի տարով լքել Apple-ը:

 

Reuters-ը կարծում է, որ Սկալին 2013 թվականի սեպտեմբերին Blackberry-ի գնման հայտ ներկայացրած կանադական Fairfax Financial Holdings կոնսորցիումի մասնակիցներից մեկն է:

Apple-ի նախկին տնօրենը Blackberry-ի պոտենցիալ գնորդների թվում է