Վիեննայի օպերան իր ներկայացումները կսկսի հեռարձակել ամբողջ աշխարհում

17:05 • 24.10.13

Վիեննայի հայտնի պետական օպերան հոկտեմբերի 27-ին կթողարկի ամբողջ աշխարհում իր ներկայացումների համացանցային հեռարձակումների նախագիծը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով թատրոնի գլխավոր տնօրեն Դոմինիկ Մեյերին։


«Մեր թատրոնում միշտ անշլագներ են։ Նախորդ տարի մենք վաճառել ենք տոմսերի 99.5 տոկոսը։ Մենք հասկանում ենք, որ միլիոնավոր մարդիկ ցանկանում են դիտել մեր ներկայացումները, սակայն չունեն նման հնարավորություն։ Այդ իսկ պատճառով էլ որոշել ենք ելք գտնել և մտածել ենք այս հիանալի նախագիծը, որը թույլ կտա գեղեցիկի սիրահարներին ամբողջ աշխարհում հետևել ներկայացումներին»,- ասել է Մեյերը։

 

Այս տարի նախատեսվում է հեռարձակել 7 ներկայացում, իսկ մինչ սեզոնի ավարտը՝ ևս 10-ը։ «Մենք ցուցադրում ենք տարեկան 50 օպերա և 10 բալետ։ Եվ կցանկանայինք, որ ներկայացումները տեսնեին բոլոր ցանկացողները»,- նշել է գլխավոր տնօրենը։

 

Մեյերի խոսքով՝ կայքի հղումը, որտեղ կարելի է դիտել հեռարձակումները, կտեղադրվի թատրոնի պաշտոնական կայքում։ Սակայն հեռարձակումն անվճար չէ. այն կարժենա 14 եվրո յուրաքանչյուր ներկայացման համար։