YouTube-ը 0,99 դոլար կգանձի տեսանյութեր դիտելու համար
YouTube տեսահոսթինգի հազարավոր օգտատերեր կկարողանան վճարովի ալիքներ ստեղծել, որոնք ամսական բաժանորդագրության համար կգանձեն 0,99 դոլար կամ ավելի, գրում է Time-ը:
Վճարովի ալիքի նախաձեռնությունը սկսվել է մայիսին՝ որպես պիլոտային ծրագիր մի քանի տասնյակ հաշիվների հետ, ներառյալ՝ այնպիսի բրենդների, ինչպիսին է Sesame Street-ը և Professional Golf Association-ը: Այժմ ցանկացած տեսանյութ ստեղծող, ով ունի 10.000-ից ավելի բաժանորդ և ստուգվել է YouTube-ի կողմից, կկարողանա նոր վճարովի ալիք ստեղծել և բովանդակության համար վճար գանձել:
Օգտատերերը կարող են իրենց բաժանորդագրման վճարը սահմանել, սակայն YouTube-ին է պատկանելու վերջնական գումարը որոշելու իրավասությունը:
YouTube-ի խոսնակը հաստատել է, որ եկամտի բաշխումը YouTube-ի և բաժանորդագրման ալիքներ ստեղծողների միջև կկատարվի նույն մոդելով, որն օգտագործվել է գովազդի եկամտի դեպքում՝ գումարի մեծ մասը պատկանելով էջեր ստեղծողներին:
YouTube-ը չի բացահայտում գովազդի եկամտի բաժանման կոնկրետ տոկոսը, բայց հաղորդվում է, որ եկամտի 55 տոկոսն էջը ստեղծողներինն է, իսկ 45 տոկոսը՝ YouTube-ինը:










