Իսպանիայում գողերի դեմ կպայքարեն «խելացի» դռան գորգերը
Մաքրության նպատակով օգտագործվող դռան մուտքի փոքրիկ գորգերն այսուհետ Իսպանիայում կպայքարեն նաև հանցագործների դեմ, հայտնում է espanarusa.com կայքը։
Ուշագրավ նորույթի հեղինակն է նորարարական տեխնոլոգիական սարքերի մշակմամբ զբաղվող Tag Ingenieros ընկերությունը, որի ստեղծած գորգերն առաջին հայացքից ոչ մի արտառոց բանով աչքի չեն ընկնում։ Սակայն գաղտնիքը ներսում է, որտեղ տեղադրված են տեղորոշիչ չիպեր։
Դրանք հնարավորություն են տալիս հետևել բնակարանում կամ այլ տարածքում գտնվող իրերին։ Ամեն անգամ, երբ այդ իրերից մեկը հանվում է բնակարանից, տանտերը հատուկ ազդակ է ստանում։
«Խելացի» գորգերն ազդակ են ուղարկում տերերին, երբ նրանց բնակարանը թալանվում է՝ տեղեկացնելով նաև, թե ինչ է հանվել տարածքից։
Այսպիսի գորգերը շատ արդյունավետ կլինեն նաև խանութների համար։










