Գլոբալ տաքացման հետևանքով օրական 1 մլրդ դոլարի ծախս է արվում ողջ աշխարհում, մինչդեռ անհրաժեշտ է դրա կրկնակին. զեկույց

00:16 • 25.10.13

Աշխարհում անցյալ տարվա ընթացքում օրական 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել՝ սահմանափակելու  համաշխարհային տաքացման տեմպերը՝ համաձայն վերջին ուսումնասիրությունների տվյալների:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ այս տվյալները հաղորդում է «Կլիմայական քաղաքականության նախաձեռնություն» (Climate Policy Initiative) կազմակերպությունը, որն իր զեկույցում պարզաբանել է, որ 2012-ին արված ընդհանուր ծախսը՝ 359 մլրդ դոլարը, 5 մլրդ դոլարով ավելի քիչ է, քան՝ նախորդ տարվանը:


Մինչդեռ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ կլիմայական փոփոխություններին առնչվող ծախսերին տարեկան պետք է ուղղել կրկնակին՝ 700 մլրդ դոլար: Իսկ միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) հաշվարկներով՝ 2020-ին անհրածեշտ կլինի 5 տրիլիոն դոլար ուղղել միայն էներգետիկ նախագծերին:


Համենայն դեպս՝ Եվրոպայի 10 խոշորագույն կենցաղային սպասարկման ընկերությունները կոչ են անում կրճատել վերականգնվող էներգիայի սուբսիդիաները՝ պարզաբանելով, որ դրանք բարձրացնում են էներգետիկ ոլորտի ծախսերը և աղճատում էլեկտրաէներգետիկայի շուկան:

 

Գլոբալ տաքացման հետևանքով օրական 1 մլրդ դոլարի ծախս է արվում ողջ աշխարհում, մինչդեռ անհրաժեշտ է դրա կրկնակին. զեկույց