Տիգրան Համասյան՝ դաշնակահար, որը ջազը հայկական է դարձնում. The Guardian

12:11 • 25.10.13

Տիգրան Համասյանն ամենակրքոտ դաշնակահարն է ջազում, նա սիրում է տարբեր բաներ խառնել, լինի դա բիբոպ, թրեշ մետալ կամ դաբսթեփ, բայց նրա սիրտն իր հարազատ երկրի ժողովրդական երաժշտության մեջ է, գրում է The Guardian-ը՝ անդրադառնալով անվանի դաշնակահարին:

 

Բրիտանական թերթը հարցազրույց է ունեցել Տիգրան Համասյանի հետ Տուլուզում տեղի ունեցած նրա համերգից հետո: Հոդվածագիրը պատմում է Համասյանի Հայաստանում անցկացրած մանկության տարիների մասին, այնուհետ, թե ինչպես է տեղափոխվել Կալիֆոռնիա և սկսել իր երաժշտական կարիերան:

 

Ինչպես գրում է հոդվածագիրը, 26 տարեկանում այս փոքր, խենթ ամերիկահայը ջազի ամենակրքոտ դաշնակահարն է, ով դահլիճներ է լցնում և բուռն գովասանքի արժանանում այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին է Չիկ Կորեան, Բրեդ Մելդոն և Հերբի Հենքոքը (վերջինը հայտարարել էր. «Տիգրան, դու այժմ իմ ուսուցիչն ես»): Բայց Համասյանն անգամ համոզված չէ, որ ջազ երաժշտություն է ստեղծում:

«Ես կարծում եմ, որ դա ջազ է այն առումով, որ ես իմպրովիզացիա եմ անում: Բայց լեզուն, որ ես փորձում եմ օգտագործել իմպրովիզացիաներ անելիս, բիբոպ չէ, այլ հայկական ժողովրդական երաժշտություն»,-ասում է նա:

 

Երիտասարդ տարիքում նա բիբոպից անցել է հայկական ժողովրդական երաժշտության հետ փորձեր անելուն: «Ես ցանկանում էի այս ժողովրդական մեղեդիները ներհյուսել ջազ իմպրովիզացիաների հետ: Իմ առաջին փորձերը սարսափելի էին»,- պատմում է Համասյանը:

 

Քիչ հայ ջազ երաժիշտներ են դա արել, փոխարենը՝ Տիգրանը ներշնչվել է դասական կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանից և Առնո Բաբաջանյանից, որոնք «հայկական ժողովրդական երաժշտությունը խելացնոր ասպարեզի հասցրին»:


Համասյանն իր վերջին տարին անցկացրել է Հայաստանում, ինչի շնորհիվ նա է՛լ ավելի է հիացել երկրի ավանդական երաժշտությամբ:

 

«Ներկայում, եթե դու երաժիշտ ես, պետք է հետաքրքիր լինես կամ առանձնահատուկ: Բայց ժամանակին բոլորն են երաժիշտ եղել: Ցանկացած գործողություն, ցանկացած արարողություն զուգորդվել է երաժշտությամբ: Դու գնում ես Հայաստանի գյուղեր և տեսնում ես մարդկանց, որոնք երգում են համպատրաստից: Դա հիանալի է, ասես դիտես երաժշտության ծնունդը»,- ասում է Համասյանը: