Միլանում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի որմնանկարը
Միլանի Սֆորցա ամրոցում վերականգնման աշխատանքների ժամանակ պատին հայտնաբերվել է հատված՝ արված Լեոնարդո դա Վինչիի կողմից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Corriere Della Sera-ին:
Վերականգնողները հայտնաբերել են մեծ մոնոքրոմ որմնանկարի հատվածը, որը նկարված է եղել փայտե ածուխով: Հատվածի վրա նատուրալիստական ոճով պատկերված են ծառերի հսկայական արմատներ, որոնք դուրս են գալիս պատի միջով: Նկարչի մտահղացմամբ՝ սրահը նկարված է եղել զրուցարանի տեսքով՝ ծածկված ճյուղերով և զարդարված ոսկեգույն լարերով: Հնարավոր է՝ պատերին նկարված լինեն ծառեր, որոնք շրջապատում են զրուցարանը:
Նկարը հայտնաբերած մարդիկ հայտարարել են, որ հնարավորություն կա այն ամբողջությամբ վերականգնելու, բայց դա շատ ժամանակ կպահանջի: Այժմ նկարը ծածկված է մի քանի շերտ ներկով:
Լեոնարդո դա Վինչին աշխատել է սրահի վրա 1498 թվականին, մի քանի ամիս, դուքս Լոդովիկո Սֆորցայի պատվերով:










