ՀԿԿ առաջին քարտուղարներից Անտոն Քոչինյանի 100-ամյակի առթիվ նամականիշ մարվեց

13:49 • 25.10.13

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար և Հայաստանի խորհրդային սոցիալիստական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանն այսօր կլիներ 100 տարեկան: Այսօր «Հայփոստ»-ի բաժանմունքներից մեկում տեղի տեղի ունեցավ նրա 100-ամյակի նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողություն, որին ներկա էին ինչպես Քոչինյանի հարազատները, այնպես էլ մի շարք հյուրեր:

 

Նշենք, որ նամականիշի վրա պատկերված է ՀԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը՝ Երևան քաղաքի և Արարատ լեռան ֆոնին:

 

Մարման արարողությունից հետո «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց, որ այս նամականիշով սերունդներին ի պահ է տրվում հայ ժողովրդի մեծ հայրենակցի, պետական գործչի հրաշալի պատկերը իր 100-ամյա հոբելյանի հենց օրը:

 

«Երբ անցյալն ենք նայում, տեսնում ենք, որ նա սկզբունքորեն մեր վերջին 100-ամյա պատմության հետ բազմաթիվ առնչություններ ունի: Իր աշխատած տարիներից ավելի քան 40 տարին զբաղեցրել է բարձր կուսակցական պետական պաշտոններ ու նպաստել երկրի շենացմանը և զարգացմանը: Նպաստել է, որպեսզի հայ մարդը բարեկեցիկ ապրի»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր դարձավ իրականացնել նամականիշի գաղափարը: