Samsung-ն արտոնագրել է Google Glass-ի սեփական անալոգը
Հարավկորեական Samsung ընկերությունը, ըստ ամենայնի, որոշել է միանալ սմարթ-ակնոցների շուկայի մրցավազքին, նշում է Vesti-ն՝ փոխանցելով, որ Samsung-ը Google Glass-ի պես էլեկտրոնային կրելի սարք է արտոնագրել: Եվ դա չնայած այն բանին, որ ընկերությունն անհաջողություն էր կրել Galaxy Gear ժամացույցի դեպքում:
Ըստ արտոնագրի՝ Samsung-ի նորույթն իր գործառույթներով շատ չի տարբերվի Google Glass-ից: Միակ հիմնական տարբերությունն այն է, որ այս ակնոցում կլինի ներկառուցված ականջակալ, որը կարելի է օգտագործել ձայնային կանչերի և երաժշտություն լսելու համար: Google-ի ակնոցը ձայնը փոխանցում է վիբրացիայով՝ գանգոսկրի միջոցով:
Google-ն առաջինն էր, որ սկսեց նման ակնոցի ստեղծումը, որը նախատեսում է շուկա հանել հաջորդ տարվա սկզբին՝ այժմ ընթացող մասշտաբային փորձարկումներից հետո: Դա կարժենա 1.500 ԱՄՆ դոլար:
Ըստ լուրերի՝ Microsoft ընկերությունը ևս աշխատում է նման նախաձեռնության վրա:










