Մեծ արվեստագետը ավելի համեստ է լինում. Արմեն Արաբյանը Նունե Եսայանի մասին

12:17 • 26.10.13

Իսկական արվեսtագետը մի քիչ ավելի համեստ է լինում և փողով չի «չափում» իր համերգը, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը՝ մեկնաբանելով Armnewstv.am–ի «Բանաձև» հաղորդաշարի ժամանակ Նունե Եսայանի տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ պատասխանելով քննադատություններին, թե ինչու է Հայաստանի նման աղքատ երկիրն այդքան գումար տրամադրում մեկ երգչուհու մեկ համերգի համար, ըստ էության, ասել էր, որ իր համերգը շատ ավելին արժե, քան 54 միլիոն դրամը:
 

«Եվ իսկական արվեստագետն այդքան մեծախոս չի լինու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Արաբյանը՝ ավելացնելով, թե Նունե Եսայանի արվեստի մասին խոսք լինել չի կարող։

 

«... Չգիտեմ , չեմ ուզում ինչ-որ այլ խոսքեր ասել, և հետո ես գոնե երկու լուրջ արվեստագետ չգիտեմ, որ ասեն՝ Նունե Եսայանի արվեստը կամ, որ Նունե Եսայանի կատարումը արվեստի նմուշ է»,- ասաց Արմեն Արաբյանը և ավելացրեց.« Ժողովուրդն անընդհատ Շուշան Պետրոսյանի վրա է կենտրոնանում, բայց գոնե Շուշան Պետրոսյանը իր ժանրում կայացած երգչուհի է: Համեմատության կարգով եմ ասում»:

 


Նշենք նաև, որ Արմեն Արաբյանն ավելի վաղ խայտառակություն էր համարել սեպտեմբերի 21–ի գլխավոր միջոցառումը՝ տոնական համերգը երգչուհի Նունե Եսայանին վստահելը և ավելացրել, որ Հայաստանն աշխարհահռչակ կատարողներ ունի՝ Բարսեղ Թումանյան, Հասմիկ Հացագործյան, Հասմիկ Պապյան, բազմաթիվ այլ անուններ:

 

«Եվ եթե այս ծաղկաբույլի մեջ ծանոթի միջոցով խցկեին էդ մարդուն, ասեին՝ «մի քիչ էլ «պռախոդ տանք» ... բայց նրան վստահել տոնական միջոցառումների գլխավոր համերգը ուղղակի խայտառակություն է»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր նա։


 

Հիշեցնենք, որ Նունե Եսայանն այդ հաղորդման ժամանակ ասել էր, թե իր համերգն ավելին արժե, քան ծախսվել էր դրա համար։ «… Իսկ ես գիտեմ իմ համերգի արժեքը, իսկ իմ համերգը շատ ավելին արժե, 54 միլիոն միայն այն մասն էր, որ կառավարությունն է տրամադրել: Եթե ես չլինեի և էս տեսակ համերգ չլիներ, շատ ավելին կարժենար … Մոտավորապես երկու-երեք անգամ ավելի թանկ»,- ասել է Նունե Եսայանը:

 

«Բանաձևի» հյուրը հայտարարել է նաև.«Ես կուզանեյի, որ քննադատողը գոնե դիտեր համերգը: Եթե դիտեին միգուցեև ավելի քիչ գրեին, էդ ձևով չգրեին»:


Նունե Եսայանը նաև ներկայացրել է համերգի նախապատմությունը, որ այն ծրագրվել է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ, իսկ գաղափարը, որպեսզի «թուրքի համար պարզ լինի, որ Կանք ու դեռ կլինենք»:

 

Համերգը տարբեր պատճառներով հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7–ը: Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեց մինչև սեպտեմբերի 21–ը, Նունե Եսայանը նշել է, որ Մշակույթի նախարարությունից՝ Անկախության տոների պետական հանձնաժողովի կողմից առաջարկ է ստացել տեղափոխել համերգը սեպտեմբերի 21–ին: