Ես ասեմ, որ ոչ մեկին չունեմ ապացուցելու, որ իմ երեխայի հայրը ես եմ. Ռոբերտ Ամիրխանյան

19:27 • 26.10.13

Կոմպոզիտորների միության այսօրվա համագումարին մինչ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ելույթը միության անդամների միջև տարակարծություն եղավ, և շատերին հարցեր տալու ու հայտարարություններ անելու հնարավորություն չտրվեց, քանի դեռ միության նախագահը ելույթ չէր ունեցել: «Ես ոչ մի ցանկություն չունեմ՝ ընտրվելու նախագահ, ես չեմ կարող այսպիսի անբարոյական մթնոլորտում աշխատել: Ես ասեմ, որ ոչ մեկին չունեմ ապացուցելու, որ իմ երեխայի հայրը ես եմ»,-հայտարարեց միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Այնուամենյանիվ՝ նա հավելեց, որ եթե միության շարքերում ողջամիտ մարդիկ լինեն, ովքեր կգտնեն, որ ինքը պետք է շարունակի մնալ միության նախգահի պաշտոնում, ապա կարող են առաջարկել, և ինքը չի հեռանա:

«Այնուամենայնիվ՝ կյանքը շարունակենք»,-ասաց Ռոբերտ Ամիրխանյանը՝ նշելով, որ ծրագիր կա` ամեն կերպ տապալել համագումարը: Նա հույս հայտնեց, որ համագումարին, ամեն դեպքում, կգտնեն բանական զրույցի ձևը և կհասկանան, թե որն է խնդիրը: «Միությունը ինքնափլուզման մեջ է»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց մեղադրում են վարչություն չունենալու մեջ, և ավելացրեց, որ անցած համգումարից հետո մարդկանց որոշակի մի խումբ այնպես արեց, որ վարչություն ընտրելու համար քվորում չլինի: «Մեր բարեկամների խղճի վրա է, թե ինչպես հաջորդը օրը բոյկոտ արեցին և չեկան համագումարին: Համագումարը հետաձգվել է ոչ լավ կյանքից»,-ասաց Ռոբերտ Ամիրխանյանը և ավելացրեց, որ իրենք 9 տարի պայքարում են միության իրավունքների համար. «Եթե բոլորին պետք է, որ ես հեռանամ միությունից, ես անմիջապես կհեռանամ և կլինեմ երջանիկ»:

Վերջինիս խոսքով՝ ինքը երբեք իր համերգներում չի ներկայացել որպես կոմպոզիտորների միության նախագահ, քանի որ այդպիսի ամբիցիա բոլորովին չունի: «Մի արատավորեք մեր սրբազան անունը, այո, սրբազան անունը: Վերագտնենք մեր օպտիմիզմը, զարույթը ոչ մի ճանապարհ չի լուսավորում, բարությունն է միակ բանալին, որը կարող է բացել բոլոր դռները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց միությունը ոչ թե հասարակությունից հեռու, մութ, ինքնամփոփ կազմակերպություն է, այլ, ընդհակառակը, միությունը փորձում է մշակութային անցուդարձն ի մի բերել. «Փառավոր է մեր միության անցած ուղին: Ինչ կատարվում է կոմպոզիտորների միությում, բնորոշ են բոլոր միություններին»:

Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով՝ այդ ամենի պատճառն այն է, որ շատ մարմինների կողմից տրվել են խոստումներ, որոնք չեն իրականացվել: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե միությունն այսքան տարվա մեջ ոչինչ չի արել, Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ հասկանալի չեն իրենց քննադատողների բողոքները, թե ընդհանրապես՝ ոչինչ չի արվել, թե ամեն ինչ վատ է արվել: Նա քննադատողներին միասին լավագույն գործերը կատարելու կոչ արեց և նշեց, որ չի կարելի կանգնել հեռվում, չմուծել անդամավճարը և մեղադրել, թե միությունը ոչինչ չի անում: «Ես ասում եմ, որ մեր աշխատանքի մեջ կան լուսավոր բաներ, և դա չտեսնելը դիտավորություն է»,-ասաց նա և ավելացրեց. «Ես չեմ կարող այսպիսի անբորայական մթնոլորտում աշխատել»:

Անդրադառնալով Դիլիջանի ստեղծագործական տանը՝ Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ ինքը հենց պատրաստվում էր հայտարարել Դիլիջանի տունը իր հիմնադիր անդամ Էդուարդ Միրոզոյանի անունով անվանակոչելու մասին: «Միությունից դուրս կան օղակներ, որոնք փորձում են ամեն ինչ անել Դիլիջանի տունն իրենց ձեռքը գցելու համար»,-ասաց նա և բոլորին համագործակցելու կոչ արեց: