«Արևորդի» 4 փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Կենդանիների դիմակահանդես-շքերթ

15:50 • 28.10.13

«Արևորդի» միջազգային փառատոնի շրջանակներում արդեն 4-րդ անգամ իրականացվել է Կենդանիների դիմակահանդես–շքերթ, որին մասնակցում էին Երևանի և Հայաստանի 6 մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Արարատ, Տավուշ, Կոտայք, Լոռի) շուրջ 500 պատանիներ, ովքեր թափոններից պատրաստված կենդանիների դիմակներով և զգեստներով շքերթով անցան Երևանի փողոցներով` մայրաքաղաքը լցնելով վայրի բնության շնչով, այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:


Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երթը գլխավորել է Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» խումբը:


Մատենադարանի հարակից հարթակից մեկնարկած շքերթն ամփոփվել է Հյուսիսային պողոտայում`բացօթյա համերգով:


ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող դիմակահանդես-շքերթը կոչված է բարձրաձայնելու կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին, հատկապես այն կենդանատեսակների, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին:


Շքերթը նաև յուրօրինակ մրցույթ է: Մասնակից 25 խմբերը (որից 7-ը` երաժշտական) մրցում են 3 անվանակարգերում` լավագույն բնապահպանական զգեստ, լավագույն ստեղծագործական լուծում, լավագույն երաժշտական խումբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2014 թ. փետրվարին: Թափոններին երկրորդ կյանք տված 18 խմբերն այս տարի ներկայացնում էին 14 տարբեր կենդանատեսակներ:


Արդեն ավանդական դարձած շքերթն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն` ՎիվաՍել–ՄՏՍ-ը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված հանրային իրազեկումը համարում է իր առաքելության մի մասը: Ընկերությունը մշտապես աջակցում և իր մասնակցությունն է ցուցաբերում FPWC-ի նախաձեռնություններին: