ԱՄՆ դեսպանատունը և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «Երիտասարդների ներուժը» խորագրով ծրագիր կիրականացնեն

13:48 • 28.10.13

ԱՄՆ դեսպանատունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ  հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը կիրականացնի «Երիտասարդների ներուժը» ծրագիրը, որի ներքո նախատեսվում է ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, շարադրությունների մրցույթ, շախմատի մրցամարտ Հայաստանի շախմատի վարպետների հետ և ֆիլմերի պատրաստման վարպետության դասեր երիտասարդների համար:

 

Ֆիլմերի ցուցաշարի բացումը կկատարվի «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ցուցադրմամբ, որը պատմում է շախմատային թիմի 5 անդամների մասին, ովքեր սովորում են այս քաղաքային դպրոցում, որի սաները հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներ են:

 

Ֆիլմը կցուցադրվի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևան («Մոսկվա» կինոթատրոն, 28 հոկտեմբերի, սկիզբը՝ 17:00), Գյումրի («Հոկտեմբեր» կինոթատրոն, 31 հոկտեմբերի, սկիզբը՝ 15:00) և Վանաձոր (1 նոյեմբերի, սկիզբը՝ 15:00):

 

«Երիտասարդների ներուժը» խորագրով այս ցուցաշարի մնացած 23 ֆիլմերը կներկայացվեն ԹՈՒՄՈ կենտրոնում. ծրագրին կարելի է ծանոթանալ  www.tumo.org կայքում: 

 

Ֆիլմերից զատ, «Երիտասարդների ներուժը» ծրագրի ներքո Հայաստանի դպրոցականների շրջանում կազմակերպվել է շարադրությունների մրցույթ, որտեղ մասնակիցներին առաջարկվել է պատմել այն ուսուցիչների մասին, ովքեր կարողացել են ոգեշնչել իրենց: Ստացվել է 3200 շարադրություն: Ցուցաշարի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կհրապարակի մրցույթի հաղթողների անունները:

 

Միջազգային հռչակ վայելող կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլատը, ռեժիսոր/պրոդյուսեր Քեյթի Դելամաջիորեն և երեք անգամ ԷՄՄԻ մրցանակի առաջադրված ռեժիսոր Նելսոն Դելամաջիորեն մի խումբ երիտասարդների համար կանցկացնեն վարպետության դասեր ԹՈՒՄՈ կենտրոնում: Կինոգործիչները կաշխատեն ԹՈՒՄՈ-ի այն սաների հետ, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում ծանոթացել են սցենար գրելու, կինո նկարահանելու ու մոնտաժելու հիմնադրույթներին, որպեսզի կարողանան իրենց մտահոգող թեմաներով կարճ ֆիլմեր պատրաստել:

 

Հայաստանի շախմատի վարպետներ Լևոն Արոյանը և Գաբրիել Սարգսյանը ֆիլմի պրեմիերայից առաջ շախմատ կխաղան մի խումբ երիտասարդ տղաների ու աղջիկների հետ: Ներկա կլինեն նաև բարձրաստիճան այլ այրեր: