Մուսա լեռան ժառանգները ցանկանում են հայրենիք վերադառնալ. թուրք լրագրողի անդրադարձը հերոսամարտից փրկվածների ժառանգներին
Անատոլիայի հարավում գտնվող Մուսա լեռից գաղթած հայերի երեխաները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք, տեսնել իրենց տները։ Արմատներով Մուսա լեռից հայերը։ Նույնանուն գյուղի թանգարանում (Արմավիրի մարզ՝ Մուսալեռ) Մուսա լեռան պատմության ցավերն են թաքնված։
Թուրքական Taraf-ի հոդվածագիր Օզլեմ Էրթանը, որը հոդվածաշար էր ներկայացրել Երևանի և Ծիծեռնակաբերդ իր այցի մասին, այժմ էլ անդրադարձել է մուսալեռցի և սասունցի հայերին, որոնք երազում են վերադառնալ պատմական հայրենիք։
Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հայաստանի լեռնագագաթները ձնապատ են։ Արևը ժայռերի վրայի հաստ, ճերմակ ծածկոցը չի վերցնում։ Երկու կողմից բարձր գագաթներով շրջապատված ճանապարհի վերջում Անատոլիայի հարավում գտնվող Մուսա լեռան անունը կրող գյուղ կա. այն Մուսա լեռան, որը ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի համար ապաստան էր դարձել։ Յոթ գյուղերի բնակիչներ իրենց Սիրիայի Դեյր էզ-Զորի անապատներ աքսորել ցանկացող երիտթուրքական իշխանությունների դեմ ելնելով լեռն էին բարձրացել։ Հայ գյուղացիներն ամիսներ տևած պայքարից հետո ֆրանսիական նավերն էին նստել ու հասել Եգիպտոս։
Մուսալեռ գյուղում 1915թ.-ին 53 օր շարունակ կենաց-մահու կռիվ տված մարդկանց թոռների հետ եմ ծանոթանալու։ Սակայն առաջ պետք է գյուղին կից լեռան վրա կառուցված թանգարանն այցելեմ։ Եթե չշտապենք, մինչև մեր հասնելը փակված կլինի։
Հուշարձանի դիմաց հանդիպում եմ մի զույգի՝ Գաբրիելին և Աստղիկին, որոնց պապերը Մուսա լեռից են եղել։ Նրանք հուշարձանի և թանգարանի մասին տեղեկություններ են տալիս։ Շենքի մուտքին տապանաքար կա՝ հայերեն գրություններով։
Գաբրիել Փանոսյանը, ով նաև լրագրող է, ասում է. «Այս քարի տակ մուսալեռցիների ոսկորները կան։ 1915թ.-ին Մուսա լեռան պաշտպանության ժամանակ զոհվածներին այնտեղ են թաղել՝ առանձին-առանձին գերեզմաններով։ Սակայն հետո գերեզմաններն ավերվել են։ Երբ մենք 2007թ.-ին Մուսա լեռ այցելեցինք, ցրված ոսկորները հավաքեցինք և Հայաստան տեղափոխելով՝ թաղեցինք այստեղ»։
Փոքր, սակայն ցնցող
Մուսալեռան թանգարանը փոքր է, սակայն այցելուներին տպավորում է։ Մուտքի մոտ մուսալեռցիների սև ու սպիտակ նկարներն են դիմավորում ձեզ։ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը տեսնելով՝ ակամա բացականչում եմ. «Նա է՞լ է Մուսա լեռից»։ «Այո, պապերն այնտեղից են»,-պատասխանում են։
Եթե այսօր ողջ աշխարհը Մուսա լեռան պաշտպանության և 7 գյուղերի ժողովրդի մասին պատմությունից տեղյակ է, ապա դա Ֆրանս Վերֆելի շնորհիվ է։ Նա «Մուսա լեռան 40 օրը» վեպում պատմել էր, թե հայերն ինչպես են փրկվել ֆրանսիական նավերով։
Բնականաբար այս գրողն էլ չի մոռացվել թանգարանը կառուցելիս։ Նրա գիրքը տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերենով տեսնում ենք թանգարանում։ Մուսա լեռան ժողովրդի անձնական իրերը, զենքերը, նկարները...
«Այստեղ քո տունն է»
Թանգարան այցելությունն ավարտելով՝ զրուցում ենք Աստղիկ Փանոսյանի հետ, ով 40 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո տեղափոխվել է Հայաստանի մայրաքաղաք Երևան, և ասում է, որ նա ամենագեղեցիկ քաղաքն է աշխարհում։
Աստղիկը 2004 և 2010 թթ.-ին այցելել է պապերի գյուղ և գտել իրենց տունը։ «Տնից շատ բան չէր մնացել։ Պատերի տակը քանդել էին՝ գանձ որոնել։ Պապիկիս նարնջի այգում ադանացի մի ընտանիք էր ապրում։ 2004թ.-ին, երբ առաջին անգամ գնացի պապիկիս նարնջի այգին, թուրք ընտանիքին ասացի, որ դա մեր տունն է։ 2010թ.-ին, երբ երկրորդ անգամ գնացինք, ադանացի ընտանիքը մեզ շատ ջերմ ընդունեց։ «Սա մերը չէ, քո տունն է՝ ասացին»,-պատմում է տիկին Աստղիկը։
Այս զրույցից հետո միասին իջնում ենք Մուսալեռ գյուղ, գյուղի տարեցներից Միքայել Բիսլայանի հետ ենք ծանոթանում և լսում ենք նաև նրա պատմությունը։
«Երկու անգամ ենք տեղահանվել»
1933թ.-ին Մուսա լեռան ստորոտում գտնվող Քեբուսիա գյուղում եմ ծնվել։ Այդ ժամանակ Հաթայը Ֆրանսիացիների ազդեցության տակ էր։ Երբ 1939թ.-ին քաղաքը հանձնվեց թուրքական կառավարությանը, ֆրանսիացիները մեզ Լիբանանի Այնճար գյուղ տարան։ Այնտեղ մեզ համար տներ կառուցեցին։ 1915թ.-ին մեր պապերը Մուսա լեռից հեռացել էին, սակայն երբ տարածքը ֆրանսիացիների վերահսկողության տակ էր հայտնվել, հետ էին վերադարձել։ 1939թ.-ին երկրորդ անգամ բռնագաղթեցինք։
Այնճարի մուսալեռցի հայերը 1946թ.-ին Հայաստան տեղափոխվեցին և այս գյուղում հաստատվեցին։ 1939թ.-ից հետո Թուրքիա չեմ գնացել։ Տունս նորից տեսնել շատ կուզեի, սակայն ինչպե՞ս։ Հնարավոր կլինի՞ արդյոք։ Եթե այստեղից հեռանամ, միայն Մուսա լեռ գնալ կուզեմ, ուրիշ տեղ չեմ ապրի։ Եթե մեր գյուղը գնանք, մեր տունն անմիջապես կգտնեմ»,-պատմում է Միքայել հորեղբայրը։
«Հուսով եմ,- ասում եմ ես,- հուսով եմ՝ մի օր ձեր տուն կվերադառնաք»,-ապա հեռանում եմ՝ մեկ այլ մուսալեռցի՝ Թերեզա Քաբաքյանին այցելելու համար։
Նրա Հայաստանը Մուսա լեռն էր
Փոքր-մոքր, ճերմակ մազերով, ասող-խոսող կին է Թերեզա Քաբաքյանը։ Նա 1939թ.-ին ընտանիքի հետ հեռացել է Հաթայից և Լիբանանի Այնճար գյուղում հաստատվել։
«Երեք-չորս տարեկան էի, երբ հեռացանք մեր տնից։ Հայրս սոսիների տակ գեղեցիկ սրճարան ուներ։ Մուսա լեռում եմ ծնվել։ Այժմ եթե գնամ այնտեղ, կգտնեմ տունս»,-պատմում է նա։
Երբ հարցնում եմ, թե կցանկանա՞ր իր տունը վերադառնալ, աչքերը փայլում են։ Հետո հիշողությունների գիրկն է ընկնում. «Երբ 1946թ.-ին հեռացանք Այնճարից, որ Հայաստան գանք, ուրախացողներ շատ կային։ Սակայն մայրս ասում էր՝ ինձ իմ Հայաստանը տարեք։ Գիտե՞ս ինչու էր այդպես ասում։ Նրա Հայաստանը Մուսա լեռն էր...»։
Հայկական եկեղեցական կենտրոն Էջմիածնում...
Հայկական եկեղեցու կրոնական կենտրոնի՝ Էջնիածնի ճանապարհին ենք։ Հուզված եմ։ Տարիներ շարունակ ցանկացել եմ տեսնել այն։ Էջմիածինը Երևանից մոտ 25 կմ է հեռու։ Եկեղեցի մտնելու համար հիանալի մի դռնով ենք անցնում։
Դռան վրա հայ եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Տրդատ արքայի պատկերն է։
Էջմիածինը ծառաշատ, այգիներով, հայկական խաչքարներով լի գեղեցիկ կրոնական համալիր է։ Այստեղ եկեղեցիներ, հոգևորականներ պատրաստող դպրոց, գրադարաններ, հոգևորականների կեցարաններ կան։
Գրեթե բոլոր շենքերի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Երիտասարդ մի հոգևորական ասում է, որ դա 2015թ.-ի պատրաստությունների շրջանակներում է։
Սասուն մեկնելուց հետո խելագարվել էր
Ճանապարհը մեզ տանում է Թալին քաղաքի մոտակայքի գյուղերից մեկը։ Այս տեղը հիմնել են ցեղասպանությունից փրկված Սասունի հայերը։ Մտնում ենք գյուղ և նրանց թոռներին փնտրում։ Ի վերջո մեզ գտնում ենք Գևորգ Գևորգյանի տանը։ Թե՛ նա, թե՛ կինը՝ տիկին Հասմիկը, համեստ, հյուրասեր մարդիկ են։ Մեզ ներս են հրավիրում և սեղանը մեկը մեկից համեղ ուտելիքներով է լցվում։ Պարոն Գևորգի մայրը՝ Հրանուշ Գևորգյանն էլ է տանը։
Տիկին Հրանուշն ամուսնու մահվանից հետո հիվանդացել է, մի քանի տարի է՝ անկողնային է։ Սակայն հիշողությունը տեղն է։ Անցյալը և հազար ու մի փորձանքներ հաղթահարելով ցեղասպանությունից փրկված ու Հայաստան հասած հոր պատմության ամեն մանրամասնություն հիշում է։
Հրանուշ մորաքույրը պատմում է, որ ամուսինը գնացել է հայրենիք՝ Սասուն, սակայն դրանից հետո սրտնեղությունից խելագարվել է, հիվանդացել և մի քանի տարի անց՝ մահացել։ Կնոջ աչքերը լցվում են, սակայն շարունակում է պատմել. «Ամուսնուս ընտանիքն էլ իմ ընտանիքի պես սասունցի էին։ Նրա հայրը փոքր ժամանակ միշտ Սասունի մասին էր պատմել։ Մի օր Սասուն գնաց։ Երբ վերադարձավ, այլևս առաջվանը չէր։ Հայրենիքում հոր պատմածներից ոչինչ չէր գտել։ Այնքան տխուր էր...»։
Նա կնոջն ասել է. «Սասուն չկա։ Հորս պատմած ոչ մի բանն այնտեղ չի մնացել։ Այլևս Սասուն կոչվող ոչինչ չկա»։
Հետո շատ է մտածել ու հիվանդացել։
Ամուսնու մահից հետո տիկին Հրանուշն էլ է անկողին ընկել և այլևս չի քայլում։
«Շատ կցանկանայի Սասունը տեսնել, երանի սահմանը բացվի»,-ասում է Գևորգ Գևորգյանն իրենց ընդարձակ պարտեզում՝ սեղանի շուրջ զրուցելիս։
«Մայրս և հայրս իրար շատ էին սիրում։ Հորս մահվանը մայրս չդիմացավ, անկողին ընկավ։ Հայրս էլ իր պատկերացրած Սասունը չէր գտել ու հիվանդացել էր»,-ասում է նա։










