Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստորգետնյա ջրերն աղտոտված չեն. Ուսումնասիրություն

15:21 • 29.10.13

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ իրականացված «Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների գերեզմանոցի տարածքի գնահատում և իրագործելիության ուսումնասիրության» վերաբերյալ այսօր տեղի ունեցավ աշխատանքային եզրափակիչ հանդիպումը: Ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց, գերեզմանոցի տարածքի հողի վերին շերտը խիստ ախտահարված է, դրա հաջորդ շերտն ավելի քիչ է ախտահարված, ստորգետնյա ջրերն ախտահարված չեն, քանի դրանք բավական խորության վրա են գտնվում:

 

«Առողջությանը սպառնացող ռիսկերն են դիտարկվել, և ըստ էության տարածքը նպատակահարմար չէ գյուղատնտեսական օգտագործման համար, ոչ միայն պետք է փակել տարածքը, այլ նաև սահմանել փակ ռեժիմ և թույլ չտալ, որ կենդանիներն արածեն: Հիմնական բացահայտումն այն էր, որ ստորգետնյա ջրերն ախտահարված չեն»,-ներկայացրեց մրցույթը շահած «Tauw» ընկերության ծրագրի ղեկավար Բոուդևին Ֆոկկեն:

 

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նախ նշեց, որ առաջին անգամ 2010թ.-ին, երբ նշանակվեց նախարար, առաջին այցը եղել է Նուբարաշեն, այնտեղ իրենք արձանագրել են, որ պետք է անպայման միջոցներ ձեռնարկել: «Մեզ աջակցեց ԱՄՆ-ի կառավարությունը և ուսումնասիրության համար հատկացրեց գումար: Ծրագրի առաջին փուլը՝ ուսումնասիրությունը, արդեն արված է, երկրորդ փուլը կլինի այն, թե ինչ պետք է անենք այդ թունաքիմիկատների հետ»,-ասաց նա:

 

Թե ինչ ժամկետներում կարվի այդ աշխատանքը, նախարարը հստակ չասաց՝ նշելով. «Այնտեղ նաև վարակվել է հողը, պետք է 32 տեսակի թունաքիմիկատները համապատասխան առանձին տարաների մեջ տեղադրել, կան քիմիկատներ, որոնք չի կարելի այրել: Հնարավոր չէ Հայաստանից տեղափոխել թունաքիմիկատները, քանի որ ոչ մի երկիր չի համաձայնի. պետք է տեղում արվի աշխատանքները»:


Նախարարի խոսքով՝ տեղանքն անշուշտ անվտանգ չէ, սակայն ըստ միջազգային փորձագետների ուսումնասիրության՝ այդպիսի վտանգ չկա այն վտանգավոր գոտի համարելու համար: Նախարարը նաև չկարողացավ ստույգ ասել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի հետագա գործողությունների համար:

 

Ուսումնասիրության ներկայացմանը ներկա էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցվածությունը՝ ԵԱՀԿ-ն իրականացրել է կարևոր մի ծրագիր շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում: Այս ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել տալ ճշգրիտ գնահատական՝ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ»,- ասաց նա:
 

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստորգետնյա ջրերն աղտոտված չեն. Ուսումնասիրություն