Պիզայի թեք աշտարակն ուղղվել է 2.5 սմ-ով
Պիզայի թեք աշտարակը որոշակի չափով զրկվել է իր առանձնահատկությունից։ 30 մլն եվրո արժողությամբ վերանորոգման և վերականգնողական աշխատանքները թույլ են տվել ոչ միայն կանգնեցնել հետագա թեքումը, այլև ուղղել այն 2.5 սմ-ով, գրում է «Комсомольская правда»-ն։
Գիտնականները չափումներ են արել և եկել են այն եզրահանգման, որ Պիզայի աշտարակի դիրքը կարգավորվել է։
Վերականգնման նախագծից ի վեր, որը տևել է 11 տարի և ավարտվել 2001-ին, անցել է 12 տարի։ Այս ընթացքում հայտնի աշտարակը, որի շինարարությունը սկսվել է 12-րդ դարի վերջին, ոչ միայն ավելի շատ չի թեքվել, այլև մի փոքր ուղղվել է։ Իհարկե, 2.5 սմ-ն դա շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ ուղղահայաց գծից շեղումը 1993-ին կազմում էր 5.4 մ, սակայն աշտարակը, ինչպես հույս ունեն գիտնականները, կշարունակի հետագայում ևս ուղղվել՝ շնորհիվ երկարատև արդյունավետ վերականգնողական աշխատանքների։
Մինչ վերանորոգումը 56-մետրանոց Պիզայի աշտարակը, որը կշռում է 14.500 տոննա, յուրաքանչյուր տարի թեքվում էր 1 մմ-ով։ Այն նույնիսկ փակել էին զբոսաշրջիկների համար՝ ընկնելու վտանգի պատճառով։ Գիտնականները կարծում են, որ Պիզայի աշտարակը դեռևս կուղղվի մի քանի մմ-ով, որից հետո կսկսի կրկին թեքվել, սակայն արդեն ոչ այդ արագությամբ, ինչպես նախկինում։ Եթե 1350թ. աշտարակի թեքությունը կազմում էր 1.4 մ, ապա 1817-ին՝ արդեն 3.8 մ էր։










