ԿՀՎ-ի և Պենտագոնի մասին գրքի վրա աշխատել է ավելի քան 20 հեղինակ
Քսաներեք հեղինակ է մասնակցել «Ժողովրդավարության սպանությունը. ԿՀՎ-ի և Պենտագոնի գործողությունները հետխորհրդային շրջանում» գրքի գրման աշխատանքներին, որը պետք է օգնի այլ պետությունների վրա ԱՄՆ-ի ազդեցության մասին գիտելիքների բազայի ստեղծմանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշենիննիկովային։
«Նախագծի նպատակն այլ պետությունների վրա ԱՄՆ-ի ազդեցության և միջամտությունների պրակտիկայի և տեսության վերաբերյալ գիտելիքների բազայի ստեղծումն է»,- ասել է Կրաշենիննիկովան։
Նրա խոսքով՝ գիրքը բաժանված է տարբեր երկրներին նվիրված գլուխների, մասնավորապես՝ Իրաքին, Բոլիվիային, Աֆրիկային, Լիբիային, Վրաստանին, Ադրբեջանին։ Կրաշենիննիկովան նշել է, որ գրքի հեղինակները գիտակցաբար չեն ներառել Ռուսաստանի մասին բաժին՝ համարելով, որ 15-20 էջը բավական չի լինի։ Նա նաև նշել է, որ վերջին իրադարձությունների պատճառով գրքում չկա Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներին վերաբերող բաժին։










