Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից. Մշակույթի նախարար
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ակնհայտորեն հոգնել է Ծածկած շուկայի մասին հարցերին պատասխանելուց։ ԱԺ-ում լրագրողների հարցին նա արձագանքեց. «Ժողովուրդ ջան, ուրեմն... Ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից... Ես ասել եմ, որ մեր գործառույթներով ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում ա, օրենքի խախտում Մշակույթի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»:
«Մենք նախագիծ չենք հաստատել, մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են իրավապահ մարմինները, ամբողջական փաթեթը տրամադրել ենք, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է: Հիմա մենք 2014թ. բյուջե ենք քննարկում, նորից անդրադառնում ենք էդ հարցին: Որևէ նոր բան այստեղ ես ձեզ, ցավոք սրտի, ասելիք չունեմ»,-նշեց նա։
Հարցին, իսկ նախարարությունը չի՞ դիմել դատական մարմիններին, նախարարը զարմանքով պատասխանեց. «Ի՞նչ ա նշանակում չեք դիմել, մեզանից խնդրել են, ամբողջական այդ փաթեթը մի քանի անգամ ուզել են, ներկայացրել ենք, կարող եք ծանոթանալ»:
Անդրադառնալով Հանրապետության հրապարակի ձևափոխման նպատակով ճարտարապետական մրցույթին, Հասմիկ Պողոսյանը նշեց, որ դեռևս ծանոթ չէ որևէ նախագծի։
«Դրա համար որևէ բան ասել չեմ կարող, ճիշտն ասած, որովհետև չեմ ուզում օր առաջ ասել՝ դա կարող է լավ լինի, թե վատ, կարող է՝ օրերից մի օր իսկապես շատ հետաքրքիր լինի նախագիծը, կարող է վատ լինի: Ցավոք սրտի դեռևս չեմ ծանոթացել, բայց անպայման պատրաստվում եմ մյուս շաբաթվա սկզբին ուղղակի ծանոթանալ, տեսնել՝ արդյո՞ք ինձ՝ որպես քաղաքացու առաջին հերթին դուր կգա այդ նախագծերից որևէ մեկը, թե չէ: Եթե դուք ծանոթ եք այդ նախագծին, կարող եք ինձ ասել»,-նշեց նա։
Հարցին, թե հրապարակի այսօրվա տեսքը նախարարին գոհացնու՞մ է, Հասմիկ Պողոսյանը պատասախանեց. «Գիտեք, անկեղծ կարող եմ ասել մի բան, քանի որ մենք ունեցել ենք էն հրապարակի հին տեսքը՝ արձանով և ունենք հրապարակ, որը դատարկ է, իմ անձնական կարծիքն է, որ ինչ-որ դատարկություն է, այսինքն՝ ոչ թե դատարկություն, այլ ավարտվելու մի տարր ուզում է: Լենինի արձանը քաղաքական էր, այսպես էր, այնպես էր, բայց իր պատվանդանով, լուծումներով հանճարեղ գործ էր: Այսինքն՝ Մերկուրովի այդ գլուխգործոցն իսկապես արվեստի գործ էր, որ մենք հաճախ ընկալում էինք որպես լրացում, որպես հոյակերտ ճարտարապետական լուծման…Ես կարծում եմ՝ միշտ այդ փորձերը լավ են, այս է խնդիրը»:
Նախարարը նաև ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, ոչ թե որևէ մեկի ուսումնամեթոդական, մասնագիտական կարծիքը:
Երբ լրագրողները կրկին հիշեցրին Փակ շուկան, հարցնելով, թե արդյո՞ք հնարավոր է Փակ շուկան վերադարձնել նախկին տեսքին՝ նախարարը պատասխանեց. «Ես հուսով եմ, շատ հուսով եմ, որ ժամանակի մեջ կկարողանանք այդ խնդիրները լուծել, պատահական չէ, որ ԱԺ նախաձեռնությամբ կազմակերպվում են հանրային լսումներ, պիտի հասկանանք՝ ինչն է պատճառը, որ մեզ մոտ մերթընդմերթ ծագում են նման հարցեր: Կարծես թե իրավական դաշտը չի բավարարում, որ մենք կարողանանք այդ հարցերը կանոնակարգել: Ես շատ կողմ եմ այդ լսումներին, կարծում եմ, որ ի վերջո կգանք այն հանգուցալուծմանը, որտեղ կգտնենք թույլ հատվածը, թույլ մասը, որ այսօր իսկապես պարբերական խոցելի է դարձնում դաշտը»,-եզրափակեց նա:










