Սոցիալական ցանցերը թույլ են տալիս գուշակել սիրային հարաբերությունների ավարտը

11:55 • 30.10.13

Սոցիալական ցանցերը կարող են լավ աղբյուր հանդիսանալ մարդկանց անձնական կյանքն ուսումնասիրելու համար: Պարզվում է, որ ալգորիթմները կարող են պարզել՝ Facebook-ում ընկերներից ով է գտնվում սիրային հարաբերություններում, եթե անգամ դա հրապարակված չէ, գրում է The New York Times-ը: Ավելին, կարելի է իմանալ, թե որքան մեծ է այդ հարաբերությունների ավարտի և բաժանման հավանականությունը:

 

Նման եզրակացության է եկել Քորնելի համալսարանի հետազոտող Ջոն Քլեյնբերգը, ով աշխատել է Facebook-ի ինժեներ Լարս Բեքսթրոմի հետ: Նրանք ուսումնասիրել են 20 տարեկանից բարձր 1,3 միլիոն պատահաբար ընտրված Facebook-ի օգտատերերի տվյալները, որոնք ունեն 50-ից 2000 ընկեր: Ընդհանուր առմամբ հաշվի է առնվել մոտ 379 միլիոն սոցիալական կապ:

 

Օգտատերերի հարաբերությունների մակարդակը քննվել է այսպես կոչված՝ դիսպերսիայի միջոցով: Հարաբերությունների համար այնքան ուժեղ ցուցանիշ չէ զույգի ընդհանուր ընկերների թիվը, որքան դիսպերսիայի մակարդակը: Այն համարվում է բարձր, երբ ընդհանուր ընկերներն իրար հետ «լավ կապված» չեն: Հետազոտողները պարզել են, որ հարաբերությունները, որոնք ցածր դիսպերսիա ունեն, ավարտվելու ավելի մեծ հավանականություն ունեն:

 

Մշակված ալգորիթմը կարողանում է գուշակել, թե օգտատիրոջ ընկերներից ով է նրա զուգընկերը 60 տոկոս դեպքերում: Դա չափազանց բարձր ցուցանիշ է համարվում:

Սոցիալական ցանցերը թույլ են տալիս գուշակել սիրային հարաբերությունների ավարտը