Մենք շարունակում ենք անհաղորդ մնալ մեր մշակույթին, որովհետև զլանում ենք հայրենիքի կածանները տրորել. Սամվել Կարապետյան

12:06 • 30.10.13

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացնելով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ Տավուշի և Լոռու մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ հայտարարեց, որ Հայաստանում առ այսօր 10-ից միայն 1 հուշարձան է ուսումնասիրված:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիները սրբազան հայրենիքի կածանները տրորել զլանում են. «Մեքենայի ճանապարհ չկա, մենք չենք քայլում, մեզ համար մեր հայրենիքը մնում է անտեսված, մենք շարունակում ենք անհաղորդ մնալ մեր մշակութային կարևորագույն ժառանգության հետ»:

Սամվել Կարապետյանը նկատեց, որ հուշարձանների մեծ մասը թավ անտառների մեջ է ու կանգուն վիճակով շատ քիչ հուշարձան կա, դրանք բավականին քայքայված են: «Ի դեմս Տավուշի մարզի Ջիլիզա գյուղի, 10 հնավայրերից մինչև հիմա միայն մեկի մասին կարող եք գտնել գրքերում տեղեկություններ, մնացած 9-ը նորահայտ են։ Ոսկեպար գյուղում դրանք 20-ն են, բացառիկ հուշարձաններ են»,- ասաց նա։

Հուշարձանագետի փոխանցմամբ՝ ծրագիրը տևել է երկու տարի, որի շրջանակներում նաև ճանապարհային քարտեզ են տպագրել, որը կարող է բավական օգուտ բերել:

Սամվել Կարապետյանը նաև համոզմունք հայտնեց, թե հայրենաճանաչ քաղաքացին դժվարության ժամանակ վստահաբար ելքը կգտնի Հայաստանի հողի վրա. «Բացառված է այս հողի վրա մարդ սոված մնա, բայց դրա համար հարկավոր է հայրենիքի հարգը իմանալ, որը հնարավոր է հայրենաճանաչության շնորհիվ»:

Նա նաև գտնում է, որ նորակոչիկը պետք է դեռ դպրոցում հայրենաճանաչության դասեր ստանա: «Մենք գիտենք, որ դեռ պատերազմի ժամանակ մերոնք կորուստներ են տվել, քանի որ չեն կարողացել քարտեզ կարդալ»,- նկատեց Սամվել Կարապետյանը: